ԱՄՆ-ը Եմենում հարվածել է Հութի շարժման ավելի քան 60 թիրախի

ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում, հայտնում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը:

Օգտագործվել է տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Հարվածներ են հասցվել թե՛ օդից, թե՛ ծովից։

«Մերձավոր Արևելքում մենք հավատարիմ ենք մեր կարևոր գործընկերներին՝ օգնելու նրանց պաշտպանվել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներից, այդ թվում՝ հութի գրոհայիններից և սպառնալիքներից։ Նրանք սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար», - ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքս Գրինկևիչը:

Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ կշարունակեն թիրախավորել Իսրայելի հետ կապված նավերը Կարմիր ծովում, փոխանցում է BBC-ին։

Միջազգային նավագնացության ընկերությունները վերջին օրերին անվտանգային նկատառումներից ելնելով փոխում էին նավերի երթուղին՝ շրջանցելով Կարմիր ծովը, որը հավելյալ ծախսեր էր առաջացնում։ BBC-ին նշում է, որ եթե այս ճգնաժամը շարունակվի, նավթի և ապրանքների թանկացումը կարող է հասնել սպառողներին։

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն անցած տարեվերջին այցելել էր Բահրեյն։

Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը միջազգային սպառնալիք գնահատելով՝ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ից բացի գրեթե մեկ տասնյակ երկրներ կմիանան Կարմիր ծովում անվտանգ նավագնացություն ապահովելու գործողությանը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Իսպանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Բահրեյնը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն միջազգային գործողություն է հայտարարում՝ Կարմիր ծովի նավագնացության անվտանգությունը ապահովելու համար