Հայկական կողմի համար սկզբունքային է, որ խաղաղության պայմանագրում հստակ ամրագրվի՝ սահմանազատումն իրականացվելու է խորհրդային շրջանի իրավասու մարմինների տպագրված և իրավական փաստաթղթերով հիմնավորված վերջին քարտեզներով: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է՝ պաշտոնական Երևանը շարունակում է սա պնդել:
«Եթե այս սկզբունքը չպաշտպանվի ու չիրագործվի, ապա անհասկանալի է, թե ինչպես տեղի կունենա սահմանազատման գործընթացը», - նշեց Սարգիս Խանդանյանը:
Սահմանազատումը Խորհրդային միության ամենաթարմ՝ 1975 թվականի քարտեզներով իրականացնելը Հայաստանի առաջարկն է: Խաղաղության պայմանագրում այն ներառելու հարցը դեռ քննարկվում է, համաձայնություն չկա: Հայկական կողմը փաստաթղթում սահմանազատման սկզբունքների ամրագրմամբ է ցանկանում ապահովել գործընթացի հստակությունն ու կանխատեսելիությունը:
Ադրբեջանի նախագահը երեկ ուղիղ հայտարարել է՝ չեն ցանկանում հիմք ընդունել ԽՍՀՄ վերջին քարտեզները: Իլհամ Ալիևը հղում է արել 1940-ից 60-ականների քարտեզներին, պնդել, թե այդ փուլերում են ադրբեջանական հողերը տրվել Հայաստանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է հայտնի 1975 թվականի քարտեզների մասին«Այսինքն, նրանք ուզում են մի կողմ թողնել 1960-ականների, 50-ականների, 40-ականների քարտեզները և հղում անել հենց՝ 70-ականներին, քանի որ մեր պատմական հողերն այդ ժամանակ արդեն նրանց էին տրվել։ Ուստի, մենք վճռականորեն ընդդիմացել և ընդդիմանում ենք դրան», - նշել է Ալիևը:
Սահմանազատման սկզբունքների շուրջ կողմերի անհամաձայնության պայմաններում այս ամսվա վերջին սպասվում է դելիմիտացիայի հանձնաժողովների հերթական հանդիպումը: Այն առաջինն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև աշխատակարգի հաստատումից հետո: Ալիևը երեկ նշել է, թե «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս․ ԱլիևԵթե դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր և չկան սահմանազատման ֆիքսված սկզբունքներ, ինչի՞ մասին է խոսում ադրբեջանական կողմը:
«Ես կարծում եմ, որ որևէ կերպ պետք է սկզբունքները ֆիքսվեն, որովհետև առանց սկզբունքները ֆիքսելու ինչի՞ հիման վրա է սահմանազատում իրականացվելու: Այս հարցի պատասխանը մենք ունենք, թե ինչի հիման վրա պետք է սկսվի սահմանազատումը, և ես կարծում եմ՝ առանց այդ սկզբունքը ֆիքսելու Ադրբեջանը չի կարող այդ հարցի պատասխանը տալ», - ասաց Սարգիս Խանդանյանը:
Հարցին՝ այսինքն ամեն դեպքում հանձնաժողովը բովանդակային աշխատանք կսկսի պայմանագրի ստորագրումից հետո՞, նա պատասխանեց. - «Այս պահին մեր ցանկությունն այն է, որ սկզբունքը ֆիքսվի պայմանագրում ու դրան զուգահեռ սկսվի սահմանազատման աշխատանքը: Եթե այլ որևէ կերպ հնարավոր լինի սկզբունքները ֆիքսել ու արագ անցնել սահմանազատման աշխատանքներին, դա ևս տարբերակ է»:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ակնկալում է, որ կառավարությունը պարզաբանի՝ արդյոք հունվարի վերջին Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների նիստում արդեն կոնկրետ հատվածի սահմանազատման հարց է քննարկվելու: Մանուկյանը կասկածներ ունի, թե իշխանությունը առանց ժողովրդին տեղեկացնելու կանի նույնը, ինչ արեց 2020 դեկտեմբերին Սյունիքում:
«GPS համակարգով Սյունիքում սահմանագծում է իրականացրել, գյուղեր են դուրս մնացել Հայաստանի Հանրապետության սահմանին, Գորիս-Կապան ճանապարհի հսկայական հատվածն է դուրս մնացել, որը որևէ սահմանագծման տրամաբանության մեջ չէր տեղավորվում, սակայն սեփական ժողովրդից գաղտագողի իրականացրել են», - նշեց Մանուկյանը:
Հարցի պատասխանը ստանալու համար դիմել ենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, գրավոր հարցն ուղարկել ենք, բայց արձագանք ողջ օրվա ընթացքում այդպես էլ չենք ստացել:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն, ամեն դեպքում, կարծում է, թե այս փուլում քննարկվելու են աշխատակարգին առնչվող հարցեր, որից հետո արդեն կսկսի սահմանազատման գործընթացը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն խոսում է խաղաղության գործընթացը սահմանազատումից տարանջատելու մասին. Երևանի արձագանքը«Գուցե առաջիկայում, երբ որ սահմանազատման բուն գործընթաց սկսվի, սկսվի այդ հատվածից, չեմ կարող ասել, կամ մեկ այլ հատվածից, բայց, բնականաբար, մենք պատրաստ չենք սահմանազատում իրականացնել միայն սահմանագծի մեկ հատվածի համար», - ընդգծեց սարգիս Խանդանյանը:
Ադրբեջանը ոչ միայն հայկական կողմի առաջարկած քարտեզին է դեմ, այլ նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ տարածքով ճանաչելու մասին չի հայտարարում: Մերժում են նաև զորքերը հայելային հետ քաշելու Երևանի առաջարկը:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը մոտ մեկ շաբաթ առաջ Արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել էր խաղաղության պայմանագրի առաջարկներին, պնդում է. - «Այն ձևակերպումները, որ մեր տեսածն է, եթե այդ ձևակերպումներն ի վերջո կյանք ստանան, տասնամյակներով խոսելու ենք, շարունակելու է Ադրբեջանը մնալ Ջերմուկում, շարունակելու է մնալ Վարդենիսում»:
Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փոխանակել խաղաղության պայմանագրի նախագիծը: Հունվարի 4-ին հայկական կողմն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջան, որում ի դեպ, արտգործնախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ, կա որոշակի հետընթաց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց. Միրզոյան