Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հունվարի լույս 10-ի գիշերը Սարատովի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը միայն պարզաբանել է՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է Էնգելսի շրջանում, տուժածներ չկան։
«Ազատության» ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում է գտնվում ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված են ռազմավարական ռմբակոծիչներ։ Ռուսական ինքնաթիռները, մասնավորապես, այդ օդանավակայանից են բարձրանում ու հարվածում Ուկրաինային։
Օդանավակայանը, որը մոտ 700 կիլոմետր է հեռու Ուկրաինայի սահմանից, մի քանի անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ընդհանուր առմամբ, այդ հարվածներից վեց ռուս զինծառայող է զոհվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱԹՍ-ները խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, իսկ զինվորականները մահացել են բեկորների հետևանքով։
Ուկրաինան պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է հարվածները։