Լեհաստանի ներքին անվտանգության ծառայությունը այսօր հաղորդել է, որ բելառուս կին է ձերբակալել՝ լրտեսության կասկածանքով։
Ըստ հաղորդագրության՝ նա մի քանի ամիս տեղեկություններ է փոխանցել Բելառուսի հատուկ ծառայություններին։
Կինը ձերբակալվել է դեկտեմբերի 20-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և 3 ամսով կալանավորելու որոշում է ընդունվել։
Ուկրաինային արևմտյան ռազմական մատակարարումների կարևոր լոգիստիկ հանգույց հանդիսացող Լեհաստանը հաճախ է պնդում, որ հայտնվել է ռուսական հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում և Մոսկվային ու նրա դաշնակից Մինսկին մեղադրում է երկիրն ապակայունացնելու փորձերի համար։