Վաշինգտոնը պատրաստ է օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, ադրբեջանական APA գործակալության հարցմանն ի պատասխան հաղորդել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից։
Դեսպանությունից նշել են, որ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն պարբերաբար բանակցում է կողմերի հետ՝ ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։
Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այցի հիմնական նպատակն է կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում:
Ադրբեջանը հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններում։ Բաքուն նշել է, թե ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի մեկնաբանությունները «Ղարաբաղում այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ հավասարակշռված չէին»:
Օ'Բրայենի՝ նոյեմբերի15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում քննադատել էր ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի հայաթափմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բոնոյի այցի հիմնական նպատակն է եռակողմ հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում. ԱԽ քարտուղար