Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ ակնկալում է Ադրբեջանի պատասխանը, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Դեկտեմբերի վերջին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ խաղաղության պայմանագիրը՝ 7-րդ խմբագրմամբ Երևանում է՝ նշելով՝ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա:
Բաքուն հայտարարում է, թե «Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում»։
Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջին փոխանակումները հաշվի առնելով՝ Գրիգորյանը ևս դինամիկան դրական գնահատեց՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ կան հարցեր, որտեղ որոշակի առաջընթացներ էին գրանցվել, բայց խաղաղության պայմանագրում այդ առաջընթացը հայկական կողմը չի տեսել։
«Մենք ակնկալում ենք, որ այդ հարցերով ևս մենք կկարողանանք շուտով առաջընթաց գրանցել։ Բոլոր հարցերը, որոնք մնացել են, որոնց համար մենք լուծումներ չենք գտել, նկատի ունեմ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ակնկալում ենք, որ և՛ փոխանակման, և՛ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի հնարավորինս շուտ դրանք վերջնականացնել և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրը վերջնականացնել և կնքել խաղաղության պայմանագիրը», - ասաց Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց, ընդհանուր առմամբ, նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել»։
«Զուտ բանակցային էթիկայի սկզբունքները» վկայակոչելով՝ ԱԽ քարտուղարն այլ մանրամասներ չհաղորդեց։
Թեև Բաքուն հայտարարում էր, թե «խաղաղության պայմանագիրը չպետք է դառնա սահմանազատման պատանդը», սակայն օրեր անց մեկ այլ հայտարարությամբ նշում է, թե «բանակցությունների ընթացքում ևս երկու թեմա է շոշափվում՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատում՝ ընդգծելով՝ հաղորդակցությունների բացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի անբաժանելի մաս է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան«Համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հունվարի վերջին հանդիպեն»
Գրիգորյանը երեկ նաև տեղեկացրեց՝ համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հունվարի վերջին ևս հանդիպեն։
«Հուսով ենք, որ այդ հանդիպումը հունվարի վերջին տեղի կունենա», - ասաց ԱԽ քարտուղարը։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորված ժամկետներ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին խոսում է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհի, 100 հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին