Մեկնարկել է Բլինքենի մեկշաբաթյա տարածաշրջանային այցը Մերձավոր Արևելք, Թուրքիա և Հունաստան

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ երեկոյան ժամանել է Ստամբուլ։ Շաբաթ օրը նախատեսված են Գազայի հարցով նրա բանակցությունները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որը Իսրայելի վարչապետի ամենակոշտ քննադատներից է։

Շաբաթ երեկոյան Բլինքենը Թուրքիայից մեկնելու է Հունաստան։ Կրետե կղզում նա հանդիպելու է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին, փորձելով ցրել հույների մտահոգությունները կապված Թուրքիային ամերիկյան կործանիչներ վաճառելու գործարքի հետ։

Էնթոնի Բլինքենն այցելու է նաև Իսրայել և Պաղեստինյան ինքնավարության Արևմտյան ափ։

Հոկտեմբերի 7-ից սկսված Իսրայել-«Համաս» պատերազմից ի վեր սա պետքարտուղարի չորրորդ այցն է տարածաշրջան։