Սուրբ Ծննդյան վաղվա պատարագի հեռարձակումը ներառված է Հանրայինի ծրագրում

Կաթողիկոսի Ամանորի ուղերձի շուրջ աղմկահարույց պատմությունից հետո Սուրբ Ծննդյան վաղվա պատարագի հեռարձակումը ներառված է Հանրայինի ծրագրում։ Սակայն Կառավարությունը դեռ չի հստակեցնում՝ արդյոք վարչապետը կմասնակցի Առաքելական եկեղեցու առանցքային տոնի՝ Սուրբ Ծննդյան պատարագին։

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսի մատուցած պատարագին մասնակցել է պատերազմից առաջ՝ 2020-ի հունվարի 6-ին։ Դրան հաջորդող տարիներին վարչապետը հունվարի 5-ին ճրագալույցի առթիվ սաղմոսներ է ընթերցել՝ ժողովրդին տեսաուղերձով շնորհավորելով։ Այսօր Փաշինյանն ընտրել էր «Թագավորը հույսը դնում է տիրոջ վրա» սաղմոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Հանրայինը չհեռարձակեց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը

2021-ին Կառավարությունը Փաշինյանի բացակայությունը պատարագին պատճառաբանել էր կորոնավիրուսով, վարչապետը մեկուսացել էր։ Մայր Աթոռն էլ մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ եկեղեցու դռները որևէ մեկի առջև փակ չեն, հրավերներ չեն ուղարկվում։

44-օրյա պատերազմից շատ չանցած Գարեգին երկրորդը վարչապետ Փաշինյանին հորդորել էր հրաժարական տալ՝ կանխելու հասարակական ցնցումները, Ամենայն Հայոց կաթողիկոսը հետագայում կրկնել է այս կոչը. - «Մեր համոզմունքներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա»:

«Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալի, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, ինչը կարծում եմ՝ ավելի ազնիվ կլինի», - նշել է Փաշինյանը:

Սակայն մինչև պատերազմն էլ Մայր Աթոռի և Փաշինյանի կառավարության հարաբերություններն արդեն լարված էին. եկեղեցին երաշխավորել էր «Մարտի 1»-ի և այլ գործերով անցնող ու հետախուզվող գործարար Սամվել Մայրապետյանի համար, կոչ էր արել փոխել կալանավորված Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

«Ինքը մինչ օրս, տասնամյակներ շարունակ որևիցե դեպքում չի խառնվել տարբեր մարդկանց բանտարկելիս, նույն «Հաց բերող»-ին, որը բազմաթիվ հիվանդություններ ուներ, չի խառնվել «Մարտի 1»-ին», - ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն ասում է՝ իրավիճակը սրում են երկկողմանի՝ թե՛ պաշտոնյաները, թե՛ եկեղեցականները, որոնք իրար վիրավորում են էկրաններից:

«Միապետական շրջանը չի պետության, երբ որ քաղաքական ղեկավարին, այսինքն, միապետին թագադրման գործում մեծ դեր ուներ նաև եկեղեցին, մենք անցել ենք, աշխարհն անցել է այդ փուլն ու այդպիսի դերակատարում կրոնական ինստիտուտները ունեն միայն շատ ֆունդամենտալ կրոնականությամբ աչքի ընկնող պետություններում, որոնց մեջ ես չգիտեմ քրիստոնեական պետություն», - ասաց Թադևոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀԽ. Հանրային հ/ը-ը չի հրաժարվել հեռարձակել Վեհափառի ուղերձը

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի և Հանրային հեռուստաընկերության հետագա հարաբերություններին, եկեղեցին չի մեկնաբանում Հանրային հեռարձակողի խորհրդի բացատրությունը, թե Կաթողիկոսի ուղերձը ծրագրված էր հեռարձակել ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Հանրայինը հիշեցրել է, որ Ամանորի ուղերձների հեռարձակման վերաբերյալ չկա օրենսդրական կարգավորում, յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք։

«Այն, որ ընդամենը այդպիսի ինչ-որ անհասկանալի զուտ տեխնիկական բացատրություն է տրվում դրան, էն էլ էլի բավականին թերի բացատրություն է, առաջացնում է նման տարօրինակ մեկնաբանություններ, որը չափազանց վատ է», - նշեց Աղասի Թադևոսյանը:

Մայր Աթոռը հայտարարել էր, թե պատշաճ չի համարել ու մերժել է «Լուրեր»-ի թողարկման ընթացքում Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու առաջարկը, քանի որ տասնամյակներ շարունակ այն եթեր է գնացել երկրի ղեկավարի ուղերձից առաջ։