Չնայած տնտեսական բարձր աճին, 2024-ի համար ռեկորդային մեծ՝ շուրջ 7.4 միլիարդ դոլար կազմող պետական բյուջեին, կենսաթոշակների ավելացում այս տարի չի նախատեսվում։ Հայաստանի գրեթե կես միլիոն կենսաթոշակառուները պետք է բավարարվեն նախորդ ավելացումներով, որոնք անգամ թանկացումների բեռը չծածկեց։
3000 դրամով թոշակներն ավելացան 2022-ին, այդչափ բարձրացում նաև անցած ամռանը եղավ, ավելացումից կես տարի անց էլ սա որպես ձեռքբերում ներկայացնելու առիթը իշխանությունները բաց չեն թողնում, այն պատմական են որակում։ Թեման տեղ գտավ անգամ վարչապետի ամանորյա ուղերձում։
«Աշխատանքի մեջ ստեղծագործող ու օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ կարողացել ենք երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակները համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին», - ասել է վարչապետը:
Միջին կենսաթոշակն այժմ 50 հազար դրամ է կազմում։ 2020-ին այն 44 հազար դրամ էր։ Երեք տարիների ընթացքում Հայաստանը գնաճի մեծ ալիքի տակ հայտնվեց, երկնիշ թանկացումներն ամենուր էին։ Հայաստանում այս տարիների ընթացքում կյանքը թանկացավ ավելի քան 16 տոկոսով, թոշակները, մինչդեռ, անգամ այդ չափով չավելացան։
«Թոշակը և միջին թոշակը գնաճին համարժեք չեն ավելանում: Ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտները նվազել են և դրա վերականգնում ակնհայտորեն 2024-ին ևս չենք ունենալու», - նշեց «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյան
Այն, որ թանկացումների հետևանքով Հայաստանի բնակչության զգալի հատվածի կյանքը վերջին տարիներին ավելի է բարդացել, փաստում է նաև Կենտրոնական բանկի անցած տարվա հետազոտությունը. հատկապես խոցելի խմբերի պարագայում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը մի քանի անգամ գերազանցել է նրանց եկամուտների աճը։
Տնտեսական ցուցանիշներից խոսելիս իշխանությունները թվերը 2018-ի հետ են համեմատում։ «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանին ուղիղ համեմատականը հպարտանալու առիթ է տվել:
«Հարգելի գործընկերներ, սա մի կողմից հպարտության զգացողություն է առաջացնում, մյուս կողմից՝ ամոթի: Հպարտության, քանի որ մաս եմ կազմում այն թիմի, որը վերջապես կարողացավ մեր բոլոր կենսաթոշակառուներին տալ ավելի բարձր կենսաթոշակ, քան նվազագույն պարենային զամբյուղն է, բայց որպես քաղաքացի, Ազգային ժողովի պատգամավոր ամոթի զգացողություն ունեմ, որ մեր պետությունը 30 տարի շարունակ մեր տատիկ - պապիկների մի զգալի մասին տվել է ավելի քիչ կենսաթոշակ, քան նվազագույն պարենային զամբյուղն է», - հայտարարում էր Պապոյանը:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ իշխանությունները հասկանում են՝ 2024-ը բարդ տարի է լինելու, թոշակները չավելացնելով գործադիրը զգուշավորություն է ցուցաբերում:
«Մի բան է, երբ իրենք խոսում են ու փորձում են իրավիճակը մանիպուլացնել, մի բան է, երբ իրականում փաստերին են առերեսվում: Իրականում իրենք գիտեն, որ էդ դժվարությունները կա ու ամենալավը դա գիտեն, լավ էլ գիտեն, որ տնտեսական պոտենցիալի էական աճ մենք չունեն, ոչ էլ տնտեսական կառուցվածքն է դրականորեն և էական փոխվել, էլ չասեմ տնտեսական անվտանգության մեծացող ռիսկերը», - նշեց Ավետիսյանը:
Այդուհանդերձ, որոշ փոփոխություններ կենսաթոշակառուների կյանքում այս տարի կլինեն. այսուհետ անկանխիկ գործարքների դիմաց կենսաթոշակների ու նպաստների քեշբեքի ծրագրից կկարողանան օգտվել բոլորը՝ բանկի ընտրությունն այլևս նշանակություն չունի։
Այս ծրագիրը թոշակառուներին հնարավորություն է տալիս մեկ ամսվա ընթացքում իրենց կատարած անկանխիկ գործարքների տասը տոկոսի չափով գումար հետ ստանալ, բայց առավելագույնը 5000 դրամ։ Եթե նախկինում քեշբեքի կեսը բանկն էր վճարում, մյուսն էլ պետությունը՝ այսուհետ ամբողջ գումարը պետությունն է հատկացնելու։ Այս ծրագիրը գործում է արդեն մեկուկես տարի, ու թեև պաշտոնյաները սա էլ են թոշակի ավելացում համարում, պաշտոնական կանխատեսումներով այս տարի հնարավորությունից թոշակառուների միայն 35 տոկոսը կօգտվի։
Աշխատանքային կենսաթոշակային բյուջեն 720 միլիոն դոլար է, ևս 370 միլիոն դոլար պետությունը կհատկացնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, քեշբեքի ծրագրին կուղղվի 24 միլիոն դոլար։