Մոսկվայի հետ լարվող, Բրյուսելի հետ՝ խորացող հարաբերությունների ֆոնին՝ 2023-ին ակտիվացան խոսակցությունները, թե Երևանը փոխում է արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Դրա համար դաշնակցին անգամ պաշտոնական Մոսկվան ուղիղ մեղադրեց ու ոչ մեկ անգամ։ Վեկտորի փոփոխության մասին խոսակցությունները, սակայն, Երևանից 2023-ի ընթացքում մի քանի անգամ հերքեցին։ Զուգահեռ Հայաստանի իշխանությունները խոսում էին անվտանգային քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին։
«Եվրամիության հետ մեր հարաբերությունները հիմա, ըստ էության, զարգանում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա, և դրա շրջանակներում պետք է մեր անվտանգային ոլորտի հարաբերությունները դիվերսիֆիկացվեն, և մենք հիմա փորձում ենք դա անել», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանն անցած տարում անտեսեց Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքի հավաքները, չհյուրընկալեց ու չգնաց զորավարժություններին, ՀԱՊԿ դիտորդների փոխարեն էլ նախընտրեց եվրոպացիներին ու եվրոպական ամբիոնից Մոսկվային անգործության համար մեղադրեց, սակայն, առանց Ռուսաստանի անունը տալու։
Հայաստանի վարչապետն այս ամենին զուգահեռ Ստրասբուրգում եվրոպացի օրենսդիրների առջև հայտարարեց՝ Երևանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրոպական ընտանիքին։ Փաշինյանի շուրջ 40 րոպեանոց ելույթին եվրոպացի օրենսդիրների հոտնկայս ծափահարությունները հաջորդեցին։
Վարչապետը, սակայն, չէր հստակեցրել, թե Հայաստանը որքա՞ն է ուզում մոտենալ Եվրամիությանը՝ արդյոք հարևան Վրաստանի օրինակով` ընդհուպ մինչև եվրաինտեգրման ճանապարհն է մտադիր բռնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում է. նպատակը կապերի խորացումն էԱվելի վաղ անդրադառնալով այդ ելույթին նախորդած՝ Գրանադայում ընդունված քառակողմ ու երկկողմ հայտարարություններին, Փաշինյանը հայտարարել էր՝ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու համաձայնություն կա։
Իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին ընդունված քառակողմ հայտարարությամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իրենց աջակցությունն էին հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ «ելնելով Հայաստանի կարիքներից»։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Գրանադայում Հայաստանի վարչապետը մեկ այլ հայտարարություն ընդունեց, այս անգամ՝ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձանագրեցին՝ հանձնառու են առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Տեքստում շեշտվում էր՝ այս դժվարին ժամանակներում Երևանն ու Բրյուսելը կանգնած են ուս-ուսի տված։
Ռազմական ոլորտում համագործակցության առաջին պայմանագիրը արևմտյան երկրի հետ
Մի կողմից Եվրոպական ընտանիքին առավել մոտ լինելու պատրաստակամությունից, մյուս կողմից՝ Մոսկվայի հասցեին քննադատություններից հետո՝ հոկտեմբերի 23-ին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին: Փարիզը պարտավորվեց ոչ միայն Հայաստանի երկինքը պաշտպանող ռադարներ ու հրթիռներ մատակարարել, այլև՝ օգնել Հայաստանին Զինված ուժերի բարեփոխումների հարցում:
Սա ռազմական ոլորտում համագործակցության առաջին պայմանագիրն էր, որ Երևանը կնքեց արևմտյան երկրի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցինԻսկ որ Երևանը ցանկանում է նաև խորացնել անվտանգային գործակցությունը Բրյուսելի հետ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Եվրամիության մայրաքաղաքում հաստատեց։
Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ Հայաստանը դիմել է Եվրամիությանը տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու, նույնիսկ՝ անվտանգության։ Բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, չէր հստակեցրել՝ Երևանն Արևմուտքի հետ ինչպիսի՞ գործակցություն է ակնկալում անվտանգության ոլորտում:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարությունից 3 օր անց Եվրամիության արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդարձակելու՝ 138-ից 209-ի հասցնելու առաջարկին։ Բրյուսելը համաձայնեց նաև ակտիվացնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը ավելացնում է Հայաստանում դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. ԲորելՎիզաների ազատականացմանը նախորդող երկխոսությունը տարիներ շարունակ չէր մեկնարկում ԵՄ անդամ մեկ կամ երկու երկրի դիմակայության պատճառով, թե ո՞ր երկրներն էին, ինչո՞ւ էին արգելափակում և ի՞նչ է փոխվել հիմա՝ հստակ չէ։ Որոշ փորձագետներ բանակցություններն ակտիվացնելու այս առաջարկը քաղաքական որոշման արդյունք համարեցին՝ այն կապելով նաև Հայաստանում արձանագրված ժողովրդավարական առաջընթացի հետ։
Երևան-Բրյուսել հարաբերությունների նկատելի ջերմացման ֆոնին Երևանից մի քանի անգամ հայտարարեցին՝ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունեն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասել էր Արևելյան գործընկերության երկրներից Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ անդամության բանակցություններ սկսելու, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու որոշումից անմիջապես հետո։
«Ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն»
Բրյուսելում դեկտեմբերի 11-ին արտգործնախարարների հանդիպման ընթացքում Միրզոյանը վերստին հաստատել էր Երևանի՝ Եվրամիությանն առավել մոտ լինելու պատրաստակամությունը։
Հայաստանի կառավարության ու ժողովրդի եվրոպական ձգտումների մասին մասին Արարատ Միրզոյանի հավաստիացմանը նախորդել էր Բրյուսելի հայտարարությունը, որ ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Մի բան, որ նախատեսված չէ Երևանի ու Բրյուսելի հարաբերությունները կարգավորող հիմնական՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը մտադիր է ՀՀ զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել. ՄարագոսՕրեր անց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտնեց՝ Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել։ Եվրամիության դեսպանը, սակայն, չէր հստակեցրել՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը» և արդյոք դա պաշտպանական զինատեսակների տրամադրում է ենթադրում։ Եվրոպացի պաշտոնյան հաստատել էր՝ Հայաստանի զինուժին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակելու համար Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կգործուղի Երևան։
Արտաքին կողմնորոշումը փոխելու քննարկումներին ու Բրյուսելի հետ գործնականում տեսանելի ջերմացող հարաբերություններին զուգահեռ Երևանը 2023-ին, այնուամենայնիվ, շարունակեց մնալ Մոսկվայի գլխավորած ռազմական ու տնտեսական կառույցներում։ Ավելին՝ ավելի քան 7-ամսյա բոյկոտից հետո էլ Հայաստանի կառավարության ղեկավարը դեկտեմբերի 24-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու։
«Հայաստանը հստակ որոշում է կայացրել՝ փոխել իր արտաքին քաղաքականությունը»
Չնայած Երևանից հնչող հերքումներին, թե Հայաստանը չի փոխում է քաղաքական կողմնորոշումը, Մոսկվայում ու Արևմուտքում հակառակ կարծիքն ունեն։
Տարեվերջին Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարեց, թե Հայաստանը հստակ որոշում է կայացրել՝ փոխել իր արտաքին քաղաքականությունն ու իրեն հեռու պահել Մոսկվայից, մերձենալ ՆԱՏՕ-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից․ ԿոլոմինաԱյս հայտարարությանը հաջորդեց պաշտոնական Մոսկվայի սպառնալիքը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում։
Չնայած ողջ տարվա ընթացքում արտաքին կողմնորոշումը փոխելու թեման քննարկվեց ու մեկնաբանվեց, բայց Հայաստանի իշխանությունները այդպես էլ չհստակեցրին՝ արդյոք Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ընտրություն են կատարում։ Տարեվերջին արտգործնախարար Միրզոյանն ասաց՝ այս հարցում չպետք է առաջնորդվել պարզունակ գնահատումներով: Ըստ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Ռուսաստանում բարձր մակարդակով հանդիպումներին մասնակցելն ամենևին էլ չի նշանակում՝ Եվրամիության հետ հարաբերությունները չեն խորանալու։