ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ խստորեն դատապարտել են նախորդ գիշեր Ուկրաինային Ռուսաստանի հասցրած զանգվածային օդային հարվածը, որի հետևանքով, ըստ Կիևի հրապարակած վերջին տվյալների, առնվազն 30 խաղաղ բնակիչ է զոհվել, 160-ը՝ վիրավորվել:
ԱԽ արտահերթ նիստի ժամանակ, որ հրավիրվել էր Ուկրաինայի և դաշնակիցների նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խալեդ Խյարին հայտարարել է, որ «ողբերգականորեն, 2023 թվականն ավարտվում է այնպես, ինչպես սկսվել էր՝ Ուկրաինայի ժողովրդի դեմ կործանարար բռնությամբ»:
ԱԽ անդամ երկրների մեծ մասը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, դատապարտել են հարձակումները: Չինաստանը «քաղաքական կարգավորման» կոչ է արել:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի համար մեղադրել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերը իր հերթական ուղերձում հայտնել է, որ ռուսական ուժերի օդային հարվածների հետևանքով ավերվել կամ վնասվել է հարյուրից ավելի մասնավոր տուն, 45 շենք, դպրոցներ, երկու եկեղեցի, հիվանդանոցներ, ծննդատուն, բազմաթիվ առևտրային պահեստներ:
«Կարևոր է, որ աշխարհն արձագանքի տեռորի այս հերթական դրսևորմանը», - հայտարարել է Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական օդային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, վիրավորներինը՝ 130-իՎերջին ամիսների ընթացքում ռուսական ամենաուժգին հարձակումը Ուկրաինայի վրա