Ռուսական բանակը զանգվածային օդային հարված է հասցրել Ուկրաինային, կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքները Կիևում, 29-ը դեկտեմբերի, 2023թ.

Ռուսական բանակը զանգվածային օդային հարված է հասցրել Ուկրաինային, առնվազն 17 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել, ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել:

Ուկրաինայի ԶՈՒ օդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել է, որ ռուսական ուժերն այսօր «արձակել են ամեն ինչ՝ բացի «Կալիբր» հրթիռներից». օգտագործվել են գերձայնային «Կինժալ» հրթիռներ, С-300-ներ, անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր այլ հրթիռներ, X-22 կամ X-32 ավիացիոն հրթիռներ, ինչպես նաև X-101/X-505 հրթիռներ: «Այդքան շատ թիրախներ միաժամանակ մեր դիտարկման ընթացքում դեռ չէինք տեսել», - ասել է Իգնատը:

Հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Կիևին, Խարկովին, Դնեպրին, Կոնոտոպին, Լվովը անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել:

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ թիրախում են եղել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները:

Ռուսաստանը պնդում է, թե խաղաղ բնակավայրերը չի թիրախավորում՝ չնայած հակառակը վկայող բազմաթիվ ապացույցներին։