Չնայած Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն «Ազատությանն» ասել էր, թե այս պահին Արցախի ինքնավարության հարցի շուրջ նախնական քննարկումներ կան Ադրբեջանի հետ, չմանրամասնելով ում հետ և ինչ ձևաչափով, պաշտոնական Բաքուն Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու որևէ մտադրություն առայժմ չի հայտնել։
Ադրբեջանի նախագահը շարունակ պնդում է՝ արցախահայերը կարող են ունենալ միայն այն իրավունքները, ինչ Ադրբեջանում ապրող մյուս փոքրամասնությունները։ Դեկտեմբերի սկզբին «Ղարաբաղ, վերադարձ հայրենիք 30 տարի անց» խորագրով համաժողովին Իլհամ Ալիևն ասել էր, թե Ղարաբաղի հայերին վերաինտեգրման հրապարակային առաջարկ են արել, նաև էլեկտրոնային պորտալ բացել, որտեղ ցանկացողները կարող էին գրանցվել՝ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։
«Բոլոր այն իրավունքները, որոնք մենք առաջարկել ենք նրանց, անշուշտ հետագա քննարկումների առարկա էին։ Բայց այն, ինչ առաջարկել էինք, միանգամայն ընդունելի էին և հիմնված էին ազգային փոքրամասնությունների վերաբերյալ եվրոպական կոնվենցիաների վրա՝ իրենց լեզվով կրթություն ստանալու իրավունքը, կրոնական, մշակութային իրավունքները, տեղական ինքակառավարման իրավունքները, որպեսզի նրանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջոցով կարողանային ընտրել իրենց ներկայացուցիչներին։ Մենք անգամ նրանց մեսիջ էինք ուղարկել, որ 2024 -ի վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան, որին նրանք կմասնակցեին։ Նրանք կընտրեին իրենց ներկայացուցիչներին, ովքեր էլ կղեկավարեին ինքակառավարման մարմինները», - ասել էր նա։
Իլհամ Ալիևը շեշտել էր՝ Ղարաբաղի հայերին առաջարկել են առավելագույնը, և այս առաջարկները շարունակում են մնալ սեղանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրում պետք է ներառվի փախստականների վերադարձի հարցը. միջազգային իրավունքի մասնագետԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում․ Միշելի բացառիկ հարցազրույցը «Ազատությանը»
Այն մասին, որ Ադրբեջանի նախագահը մերժել է Արցախին որևէ, այդ թվում՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ տալու հնարավորությունը, սեպտեմբերի 19 -ի ադրբեջանական ռազմական հարձակումից ու Արցախի կապիտուլյացիայից հետո խոսել էր նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Անդրադառնալով Սամվել Բաբայանի կողմից Բաքվին ներկայացված՝ Արցախին ինքնավար կարգավիճակ տալու 23 կետանոց փաստաթղթին՝ Շահրամանյանն ասել էր՝ իր համար անհասկանալի է, թե որտեղից Բաբայանի համոզմունքը, որ Ադրբեջանը կընդունի այդ առաջարկը։
«Հետագայում ես քննարկել եմ այդ հարցը ադրբեջանական կողմի հետ, և ինձ վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում, և իրենք պատրաստ չեն քննարկել մեզ հետ որևէ կարգավիճակի հարցը՝ պատճառաբանելով և հիմնավորելով դրանով, որ իրենք ունեն նաև իրենց կազմում այլ ազգային փոքրամասնություններ, և եթե մեզ տրվի որոշակի կարգավիճակ, ապա նրանք էլ պիտի պահանջեին կարգավիճակ, և իրենց խոսքերով՝ իրենք չեն գնա իրենց ձեռքերով պետությունը քանդելու ճանապարհով», - նշել էր նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե Ղարաբաղի հարցը չենք լուծում». Սամվել Բաբայան
Արցախի խորհրդարանի իշխանական «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը նույնպես իրատեսական չի համարում, որ Ադրբեջանը համաձայնի ավտոնոմ կարգավիճակ տալ Ղարաբաղին, հատկապես, որ պատգամավորի պնդմամբ, Բաքուն արդեն մերժել է Բաբայանի այդ առաջարկը։
«Իրենք ինչ որ ներկայացնում ենք այդ պայմանները, որևէ տիպի ինքնավարության հետ առնչություն չունի, իրենք որևէ տիպի կարգավիճակի քննարկում ադրբեջանական կողմը բացառում է», - ասաց նա։
Արամայիս Աղաբեկյանն ընդունում է՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցի բարձրացումն այս պահին անիրատեսական է, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ միջազգային հանրությանը պետք է բացատրել, որ ադրբեջանական կողմը որևէ անվտանգային երաշխիք արցախահայերին չի տալիս։ Հետևաբար, իրենց վերադարձը Լեռնային Ղարաբաղ հնարավոր է միմիայն միջազգային խաղաղապահ առաքելության և անվտանգային մեխանիզմներ ստեղծելու դեպքում։
Ի դեպ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախի հարցը ռևանշով է լուծվելու, ասել է, թե ռևանշը վատ բան չէ։
«Շատ երկար ժամանակ է, որ զբաղվում եմ շախմատով, շախմատի աշխարհում եմ, և գիտեք՝ քանի՞ անգամ է եղել, որ մաչ-ռևանշ են հասել աշխարհի աշխարհի չեմպիոնության համար։ Մի՞թե այդ մարդիկ խելացի չեն եղել, մի՞թե այդ մարդիկ կյանքից ոչինչ չեն հասկանում։ Ռևանշ նշանակում է նոր հաջողության հասնել, ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում, այսինքն՝ ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա։ Եթե այդպես է, ապա իրենց կարելի՞ է, մեզ չի՞ կարելի, մի՞թե մենք հասել ենք այն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի», - նշել է նա։