Շաբաթներ շարունակված փնտրտուքներից հետո Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները վերջապես պարզել են՝ նրան տեղափոխել են Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկը՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջան (օկրուգ)։ Դեկտեմբերի սկզբից ընդդիմադիր գործչի մասին որևէ տեղեկություն չկար, փաստաբաններն ու թիմակիցները նրան փնտրում էին դաշնության բոլոր գաղութներում և երեկ գտել են ամենահեռավոր ու ամենադաժան կալանավայրերից մեկում։
Ինքը՝ Նավալնին, սակայն, պնդում է, որ չի կոտրվել և իրեն լավ է զգում։ Նա առաջին նամակն է ուղղել շրջանի Խարպ գյուղի թիվ երեք ուղղիչ գաղութից. - «Ես նոր Ձմեռ պապն եմ՝ ոչխարի մորթուց մուշտակ ունեմ, ականջակալով գլխարկ, այս 20 օրում մորուք եմ թողել։ Ճիշտ է՝ եղնիկները չկան, բայց կան հսկայական, փափկամազ, շատ գեղեցիկ հովվաշներ»։
Նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ փաստաբանը երեկ վերջապես տեսակցել է Նավալնիին, փոխանցել, որ «նա նորմալ վիճակում է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ինձ լավ եմ զգում»․ Նավալնին Խարպի գաղութից նամակ է գրել«Ակնհայտ է, որ Կրեմլը հենց այս գաղութ է տեղափոխել Նավալնուն նրան ամբողջությամբ մեկուսացնելու համար, որպեսզի նա բառացիորեն զրկված լինի արտաքին աշխարհի հետ որևէ կապից։ Սա իսկապես Ռուսաստանի ամենադաժան գաղութներից է։ Զարմանալի չէ՝ նման ձևով նրանք փորձում են լռեցնել Նավալնիին», - ասել է նա։
Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Լաբիտնանգա ավանի մաս կազմող Խարպ գյուղը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ շրջանից 60 կիլոմետր հյուսիս, և հիմա այնտեղ բևեռային գիշեր է։
Նավալնիի թիմակից, Կուռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը պատմել է, թե գաղութը հատուկ նախապատրաստել են Նավալնիին տեղափոխման համար. - «Այստեղ գրեթե նույն խիստ պայմաններն են, ինչպես Վլադիմիրի գաղութում, գումարած՝ եղանակային շատ կոշտ պայմանները՝ բևեռային գիշեր, ցուրտ եղանակ։ Բակ որպես այդպիսին չկա, խցիկի չափ փակ տարածք է»։
Ավանում կա ևս երկու հատուկ ռեժիմի գաղութ։ Նավալնին գտնվում է 3-րդ գաղութում։ Ժամանակին այստեղ պահվել են ՅՈւԿՕՍ-ի համասեփականատերերից Պլատոն Լեբեդևը և ուկրաինացի ռեժիսոր ու ակտիվիստ Օլեգ Սենցովը։ Այստեղ պատիժը կրում են ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալները, ամենադաժան հանցագործները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նավալնիին տեղափոխել են Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի գաղութ, որտեղ հիմա բևեռային գիշեր է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդեն 10 օր է՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապն ընդհատվել է
Նավալնին ճաղերի ետևում է արդեն շուրջ երեք տարի, անցած օգոստոսին դատարանը էլ ավելի խստացրեց նրա պատիժը՝ դատապարտելով 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Արևմուտքն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում են քաղբանտարկյալ։
Մինչև Յամալ տեղափոխվելը նա կալանավայրից հայտարարություն էր տարածել Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրությունների մասին և հորդորել աջակիցներին ձայն տալ ցանկացած թեկնածուի, Պուտինից բացի։