«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այսօր հայտնի է դարձել, թե որտեղ է պահվում Վլադիմիրի շրջանի քրեակատարողական հիմնարկից անհետացած Ռուսաստանի ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնին:
Նրա քարտուղար Կիրա Յարմիշի փոխանցմամբ, ընդդիմադիր բանտարկյալը գտնվում է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի (օկրուգի) Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութում։
Նավալնիի մասին 20 օր շարունակ տեղեկություն չկար: Յարմիշի խոսքով՝ փաստաբանը տեսակցել է Նավալնիին և փոխանցել է, որ «նա նորմալ վիճակում է»:
Խարպ գյուղը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ շրջանից 60 կիլոմետր հյուսիս, և հիմա այնտեղ բևեռային գիշեր է։ Վարչական առումով այն ենթակա է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Լաբիտնանգա ավանին: Վորկուտայով անցնող երկաթուղին այն կապում է Մոսկվայի հետ։
Գյուղում կա ևս երկու հատուկ ռեժիմի գաղութ։ Նավալնին գտնվում է 3-րդ գաղութում։ Ժամանակին այնտեղ պահվել են ՅՈՒԿՕՍ-ի համասեփականատերերից Պլատոն Լեբեդևը և ուկրաինացի ռեժիսոր ու ակտիվիստ Օլեգ Սենցովը։
Գյուղում 3-րդ գաղութի անունն է «Բևեռային գայլ»: Դրանում պատիժը կրում են ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալները: