Բաքուն Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հռչակել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոն, որին էլ հանձնվել է Բաքվի բողոքի նոտան։
Դիվանագետների անունները, ինչպես նաև որոշման պատճառների մասին չի հաղորդվում։
ԱՊԱ գործակալության համաձայն, Բաքուն 48 ժամ է տվել այդ դիվանագետներին՝ երկիրը լքելու համար։
Ադրբեջանի իշխանությունները տևական ժամանակ է կոշտ մեղադրանքներ են հնչեցնում Ֆրանսիայի իշխանությունների հասցեին, այդ թվում՝ Հայաստանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով։
Անցած օրերին Ադրբեջանի նախագահը, հերթական անգամ քննադատելով Ֆրանսիային, պնդել էր, թե փորձում է «հայերից ավելի հայ լինել»։
Բաքուն Եվրամիության ազդեցիկ երկրի իշխանություններին մեղադրում է նաև «գաղութատիրական քաղաքականության» մեջ։
Փարիզն ավանդաբար չի արձագանքում Ալիևի վարչակազմի հայտարարություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»