Վրաստանը կշարունակի իրականացնել «խաղաղության քաղաքականություն», որը հնարավորություն է տվել հաջողություններ արձանագրել տնտեսության մեջ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մեր հիմնական խնդիրը մնում է խաղաղության քաղաքականության պահպանումն ու բարեփոխումները շարունակելը »,- այսօր Վրաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում Վրաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի ամենազարգացող տնտեսություններից մեկը, ինչը, ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի, հնարավոր է դարձել իշխանությունների «պրագմատիկ քաղաքականության շնորհիվ, որն առաջնորդվել է բացառապես ազգային շահերով»։
Ղարիբաշվիլին իր ելույթում նաև շնորհակալություն է հայտնել դեսպաններին՝ Թբիլիսիին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու գործում ունեցած ավանդի համար։
Ըստ վրացական աղբյուրների՝ դեսպանների ամենամյա հավաքին երկրի նախագահն այս անգամ ևս չի մասնակցել։ Սալոմե Զուրաբիշվիլիի գրասենյակը հայտնել է, որ կառավարությունը նախագահին հրավեր չի ուղարկել։
Անցյալ տարի էլ Վրաստանի նախագահը այդ միջոցառմանը չէր մասնակցել «արարողակարգի կոպիտ խախտման» պատճառաբանությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Վրաստանին խոստացել է աջակցություն և պաշտպանություն