Հայաստանը հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից․ Կոլոմինա

Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ նշելով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի իր աջակցությունը։

«Իմ կարծիքով, Կովկասում կայունության պահպանումն իսկապես հիմնարար խնդիր է ոչ միայն այն աշխատանքի շրջանակներում, որը ՆԱՏՕ-ն անում է Վրաստանում, այլ նաև այն շրջանակներում, որը կարող է ապահովվել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման արդյունքում», - ասել է Կոլոմինան։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը։

Հարցին, թե տեսնո՞ւմ է Հայաստանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, Կոլոմինան պատասխանել է․ - «Իմ կարծիքով, Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մենք էլ սա ողջունել ենք։ Հայաստանի քաղաքացիները որոշումներ կայացնելու ազատություն ունեն և նրանք այդպես են որոշել։ Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ (ՆԱՏՕ-ին)։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումներն՝ ի շահ տարածաշրջանի կայունությանը, դա մեզ համար շատ կարևոր է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը․ Խավիեր Կոլոմինա Պիրիս