Պուտինը և Փաշինյանը շփվելու հիանալի հնարավորություն կունենան առաջիկա միջոցառումների շրջանակում. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփման լավ հնարավորություն կլինի։ Այդպես է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ:

«Նրանք շփվելու հիանալի հնարավորություն կունենան առաջիկա միջոցառումների շրջանակում», - ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական նախատոնական հանդիպմանը։

ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությունը նշում է, որ 2023 թվականի ընթացքում Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ և ԱՊՀ մի շարք միջոցառումներին։

Նոյեմբերին նա չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին, հույս հայտնելով, թե «ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն իր որոշմանը»։

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերին Փաշինյանը չի մասնակցել Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների հանդիպմանը։

Վարչապետից զատ այդ հավաքներին չեն մասնակցել նաև Ազգային ժողովի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները և անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայաստանն այդ դիրքորոշումը բացատրել է հարևան Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկվելու պայմաններում ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից ակնկալվող աջակցությունը չստանալու հանգամանքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետն ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ