Ուկրաինայի Ինքնավար Ուղղափառ եկեղեցին այսօր է նշում Սուրբ Ծնունդը

Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, միտրոպոլիտ Եպիֆանը, արխիվ

Ուկրաինայի Ուղղափառ երկու ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Ուկրաինայի Ինքնավար Ուղղափառ եկեղեցին, այս տարի առաջին անգամ Սուրբ Ծնունդը նշում է Գրիգորյան օրացույցով՝ այսօր, դեկտեմբերի 25-ին։

Սուրբ Ծնունդը հունվարի 7-ի փոխարեն դեկտեմբերի 25-ին նշելու որոշումը բացատրվել է թե՛ աստվածաբանական հանգամանքներով և թե՛ աշխարհի քրիստոնյաների մեծամասնության հետ այդ օրը տոնելու ցանկությամբ:

Մինչ այդ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնել է Ռուսաց Ուղղափառ եկեղեցու հետ՝ հունվարի 7-ին:

Ուկրաինական մյուս ուղղափառ եկեղեցին, որը նախկինում ի պաշտոնե ենթարկվել է Մոսկվայի պատրիարքարանին և, ըստ Կիևի իշխանությունների, տակավին կապված է Մոսկվայի հետ, Սուրբ Ծնունդը շարունակում է նշել Հուլյան օրացույցով՝ հունվարի 7-ին:

Կաթոլիկ և բողոքական քրիստոնյաներն, ինչպես նաև մի շարք ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում՝ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին են նշում: Այն համարվում է քրիստոնեական կարևորագույն տոներից մեկը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին կոչ է արել հավատացյալներին աղոթել ռազմական հակամարտությունների զոհերի համար և հիշատակել է Պաղեստինը, Իսրայելը և Ուկրաինան։ 87-ամյա պոնտիֆիկոսը հանդիսավոր պատարագ է մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:

Կիևում Սուրբ Միքայելի տաճարում պատարագը մատուցել է միտրոպոլիտ Եպիֆանը: Նա ուկրաինացիներին մաղթել է «օրհնյալ և հաղթական Նոր տարի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում Սուրբ Ծնունդը կնշեն Գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի 25-ին