Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանն այսօր Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ հայ պաշտոնյաները չէին մասնակցում Ռուսաստանի գլխավորած կառույցների տարբեր նիստերի ու հանդիպումների։ Սակայն օրերս Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։
«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանը օգուտ է տալիս, ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ», - ասել էր Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ըստ ԱԺ խոսնակի, ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ «հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ»։
Փաշինյանը հոկտեմբերին չմեկնեց Բիշքեկ, որտեղ նախատեսված էին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը, իսկ նոյեմբերի վերջին չմասնակցեց Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում. Մարիա ԶախարովաՏԱՍՍ-ը նշում է, որ երկուշաբթի, մասնավորապես, տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այն կամփոփի ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։ Մոսկվան այն ստանձնել է 2023-ի հունվարի 1-ից։ 2022-ին միությունը նախագահել է Ղրղըզստանը, իսկ 2024-ին այդ լիազորություններն անցնում են Հայաստանին։
Հանդիպման օրակարգում միության աշխատանքի ընթացիկ, հետագա ինտեգրման հարցեր են։ Ակնկալվում է, որ առաջնորդները կհաստատեն մի քանի կարևոր որոշումներ և փաստաթղթեր, այդ թվում՝ մինչև 2030 թվականը միության հետագա զարգացման մասին հռչակագիրը, ապա հետագա զարգացումը մինչև 2045 թվականը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրվի՝ պարզաբանելով՝ այս փաստաթուղթը «շատ մեծ նշանակություն ունի պետությունների միջև հետագա տնտեսական կապերի զարգացման համատեքստում»։