Հայաստանում 25-օրյա վարժական հերթական հավաքը կմեկնարկի հունվարի 23-ին

Հունվարի 23-ից Հայաստանում 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն․ որոշումն այսօր կառավարության նիստում ընդունվեց։

Ըստ այդմ, հավաքներին կներգրավվի մինչև 2 հազար 838 քաղաքացի՝ շարքայինից մինչև սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքների ապահովման համար նաև համապատասխան մարմիններից մինչև 10 միավոր էքսկավատոր (խրամատափորներ) կներգրավվի՝ ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով, հաղորդում է կառավարությունը:

Կառավարությունը եռամսյա հավաքները փոխարինել է 25-օրյա հավաքներով։ Դրանք պարտադիր են 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ Ըստ կառավարության որոշման՝ քաղաքացին ինքն է ընտրում, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ հայտարարեց՝ պահեստազորը ժամանակ առ ժամանակ պետք է պատրաստվի։ Ըստ նրա՝ այդ գործընթացը շատ երկար ժամանակ պատշաճ չէր իրականացվել, ինչի հետևանքները տեսանելի են եղել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում։

Նման առաջին հավաքն այս տարվա մարտին էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինապարտ քաղաքացիները 25-օրյա  վարժական հավաքների կմասնակցեն