Wall Street Journal-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել է «տարվա հաղթող», միաժամանակ ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։ Ինչպես գրում է սյունակագիր Ջերալդ Բեյքերը, Ռուսաստանի նախագահը 2023-ին միայն ամրապնդել է իր դիրքերը, իսկ Մոսկվան ավելի է հզորացել աշխարհաքաղաքական ասպարեզում։
«Ես ուրախ չեմ Վլադիմիր Պուտինին տարվա հաղթող հռչակել, բայց նրա դիրքերը այնչափ ավելի ամուր են թվում, քան մեկ տարի առաջ։ Կիևի հակահարձակումը կանգ է առել, Պուտինի տնտեսությունը դիմակայել է արևմտյան պատժամիջոցներին, եվրոպական վճռականությունը թուլանում է, ամերիկյան աջակցությունը թուլանում է»,- գրել է ամերիկյան պարբերականը։
Ընդ որում, Պուտինը երեք ամսից կրկին՝ արդեն հինգերորդ անգամ մասնակցելու է նախագահական ընտրությունների, և փորձագետները համոզված են, որ սեփական հաջողություններն ամրապնդելու համար նա փորձելու է հաղթանակների հասնել ուկրաինական ճակատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն իզուր է հույս փայփայում, թե մենք չենք օգնի Ուկրաինային. Բայդեն
Նրա խոսնակն այսօր կրկին պնդել է, թե խաղաղ բանակցությունների Մոսկվան պատրաստ չէ։
«Մենք իսկապես համարում ենք, որ բանակցությունների թեման այժմ ակտուալ չէ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Կիևի առաջարկած խաղաղ ծրագիրն անհեթեթ է, քանի որ այն բացառում է Ռուսաստանին։
Այս գիշեր ռուսական բանակը կրկին հրթիռակոծել է ուկրաինական քաղաքները, այդ թվում՝ Կիևն ու Խարկովը, ընդ որում, Խարկովի տրանսպորտային դեպոյին ռուսական ուժերը հարվածել են С-300 համալիրից արձակված հրթիռով։ Ռուսները շարունակել են նաև գրոհները արևելյան ճակատում։ Պաշտոնական Կիևը նշում է, որ իրավիճակը ճակատում, հատկապես արևելյան հատվածում ՝ Բախմուտի, Մարիինկայի և Ավեդեևկայի մոտ բարդ է։ Զինվորականները խոսում են սպառազինության պակասից, նշվում է, որ այս հատվածում ուկրաինական բանակն անցել է պաշտպանության։ Նախագահ Զելենսկին, սակայն, հաստատակամ է՝ ռուսները չեն հաղթելու։
«Երկու տարի է անցել․ Ռուսաստանը ոչ մի հաղթանակի չհասավ։ Մեր մարտիկներն ամեն ինչ լավ են արել։ Ես ևս մեկ անգամ շնորհակալ եմ նրանց», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրբանն ընդդեմ 26-ի․Կիևը Վաշինգտոնից հետո այժմ էլ Բրյուսելում է ֆինանսական օգնության խոչընդոտների բախվում
Այսօր ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի պատերազմը, երեկ երեկոյան կայացած մեծ մամուլի ասուլիսում ասել է Զելենսկին, հավելելով, որ հակաօդային թույլ պաշտպանությունն է խանգարել հաջողության հասնել ամռանը հակահարձակման ժամանակ։ Կլինի արդյոք նոր հակահարձակում առաջիկա ամիսներին՝ հստակ չէ։ Առնվազն 450 հազար զինվորի կարիք կա բանակում, ասել է Զելենսկին, հավելելով, թե այդուամենայնիվ նոր մոբիլիզացիայի որոշում դեռ չի կայացրել։
Վերջին ամիսներին արևմտյան և ուկրաինական մամուլը գրել էր, թե ռազմի դաշտում անհաջողությունների ֆոնին լուրջ տարաձայնություններ կան նախագահ Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերիյ Զալուժնիի միջև։ Զելենսկին երեկ հայտարարել է, թե նրա հետ ունի աշխատանքային հարաբերություններ։ Բացի այդ, չնայած բարդ իրավիճակին՝ Ուկրաինայի նախագահը երեկ կրկին պնդել է՝ Մոսկվայի հետ բանակցությունների հարց օրակարգում այսօր չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը կարող էր լինել միայն Ռուսաստանը․ Պուտին
«Համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ չի դավաճանի, և այն, ինչ մասին պայմանավորվել ենք, կիրականանա», - ասել է նա։
Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու հարցը մինչև այս տարեվերջ քվեարկության չի դրվի, հայտարարել են Սենատում դեմոկրատների ու հանրապետականների առաջնորդներ Չաք Շումերն ու Միտչ Մըքքոնելը, ընդգծելով՝ բանակցությունները շարունակվում են, կա քաջալերող առաջընթաց, միաժամանակ եղած տարաձայնությունները դեռ չեն հաղթահարվել։
Հանրապետականները արգելափակել են Սպիտակ տան առաջարկած 60 միլիիարդ դոլարի օգնությունը և պնդում են, թե դիրքորոշումը չեն փոխի, քանի դեռ դեմոկրատները չեն համաձայնել ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու իրենց առաջարկների հետ։