Փայլփլուն փողոցներ, գունավոր տաղավարներ. ավելի քան 650 հազար դոլար՝ Երևանի տոնական տեսքի համար

Հանրապետության հրապարակի լույսերից մինչ խորոված, բաստուրմա, սուջուխ... Մայրաքաղաքի տոնական «լուքն» արդեն պատրաստ է։ Փայլփլուն փողոցներ, գունավոր տաղավարներ, Ձմեռ պապեր ու էլֆեր... Երեկ ճոխ հրավառությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Այս ամենի համար Երևանի քաղաքապետարանն ավելի քան 650 հազար դոլար է ծախսել:

Մայրաքաղաքի տոնական պատրաստություններին ու եռուզեռին զուգահեռ հրապարակվում են տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Ծախսերի առյուծի բաժինը լուսավորությանն ու կենտրոնական տոնածառի տեղադրմանն են ուղղվել, գումար է ծախսվել նաև վարչական շրջանների ձևավորման համար։

Արդարացվա՞ծ են նման ծախսերը. «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիների կարծիքները տարբեր են:

«Մենք կորցրել ենք Արցախը, մեր ոսկե սերունդը, ոչ թե չարժեր, այլ ընդհանրապես ամոթ է», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Հո ամեն անգամ չէ, որ մարդիկ իրենց տխուր պետք է պահեն, դրա համար զվարճալի բաներ էլ պիտի լինեն», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Այս ծախսերի նպատակահարմարությունից խոսելով անցած ամիս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն «Ազատությանն» ասել էր, թե այս ամենն առաջին հերթին երեխաների համար են անում:

«Հիմա են այդ մարդիկ իրենց մանկությունն ապրում, ու պետք է այդ մանկությունը լինի վառ, միայն երեխաները չէ, մենք բոլորս դրա կարիքն ունենք, որովհետև շարունակաբար ծանր տրամադրության, կորուստների, զրկանքների, որը մեր հանրությունը կրում է, պետք է նաև այդ հանրության կյանքում լինեն վառ կետեր», - ասել է Գրիգորյանը:

Երևանցիների վճարած հարկերով վարչական շրջաններում ռեստորանային խնջույքներն է՞լ են երեխաների համար... Ավելի քան 3 միլիոն դրամով Նոր-Նորքի «ընդարձակ, մոդեռն ոճի դահլիճ ունեցող բարձրակարգ ռեստորաններից մեկում», առնվազն 200 անձի համար հյուրասիրություն է կազմակերպվելու։ Քաղաքապետարանը ճաշացանկն էլ է հրապարակել. սեղանին պետք է լինի բաստուրմա, սուջուխ, Ստեռլյադ ձկան, խոզի, հորթի խորոված, 5 տեսակի պանիր և այլն.. կենացները խմելու են բարձրակարգ՝ առնվազն 10 տարվա հնեցման կոնյակով, օղի ու գինի էլ կլինի։ Երեկոյի ընթացքում հանդիսավար՝ թամադա կաշխատի, պարահրապարակն էլ կթեժացնի դիջեյը։ Քանաքեռ -Զեյթունում ավելի համեստ են նշելու՝ 300 հյուրերը կբավարարվեն խոզի խորովածով, տարբեր աղցաններով ու ժուլիենով։ Հնեցված կոնյակի մասին պայմանագրի մեջ չի նշվում, բայց փոխարենը Քանաքեռում կենդանի երաժշտություն կլսեն:

Քաղաքացիներից մեկը հաջորդ տարվա մենյուի համար խորհուրդներ տվեց. «Ինձ թվում ա տասը տարվա կոնյակը քիչ ա, պետք ա առնվազն լինի ֆրանսիական կոնյակ, առնվազն 100 տարվա կամ ավելի լավ ա 200 տարվա, քանի որ մեր քաղաքապետարանն արժանի է միայն նման կոնյակների, ու անպայման սև խավիար պետք է լինի, տարբեր տեսակի... ու շամպայն, անպայման Ֆրանսիայից, Շամպայն ռեգիոնից»:

«Ազատության» հետ զրույցներում մարդիկ հիմնականում դժգոհում էին այս գնումներից։ Ոմանց, այդուհանդերձ, ոչ քաղաքի ճոխ տեսքի համար ծախսված միլիոններ են հետաքրքրում, ոչ էլ իրենց իսկ վճարած հարկերով գցվող սեղաններն ու տասը տարեկան կոնյակները։