Ռուսաստանի նախագահն է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, արձագանքելով Վլադիմիր Պուտինի պնդումներին, թե Հայաստանի իշխանությունն է հրաժարվել Ղարաբաղից՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս, երեկ Հանրայինի եթերում հակադարձեց վարչապետ Փաշինյանը:
Ընդ որում՝ Պուտինը դրանով, Փաշինյանի գնահատմամբ, հակասել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Վարչապետը երեկ պնդեց՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք ճանաչելու Պուտինի հայտարարությանը մամուլից է տեղեկացել: Օրեր առաջ էլ Կրեմլի ղեկավարն էր դժգոհել, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու նախաձեռնության մասին Երևանը նույնիսկ չէր տեղեկացրել Մոսկվային:
«2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այդ հայտարարությունները հրապարակային են և այսօր էլ կան սոցիալական ցանցերում, եթե չեմ սխալվում», - ասաց նա։
Փաշինյանը հիշատակում է Պուտինի՝ 2020 թվականի դեկտեմբերի ամենամյա ասուլիսում արած հայտարարությունը։ Կրեմլի ղեկավարն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է։ Այս և սրան նախորդող նույնաբովանդակ մեկ այլ հայտարարության մասին են հիշեցնում Հայաստանի իշխանությունները, երբ Մոսկվայից Երևանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու համար։
Ընդդիմության գնահատմամբ մինչդեռ՝ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է փնտրել և նշանակել նոր մեղավորներ:
«Ես կարծում եմ, որ մի օր հերթում դուք եք լինելու՝ բոլորդ, ես էլ մեջը, որ Արցախը հանձնելու գլխավոր մեղավորը դուք եք լինելու, այլևս ես չեմ կարող հիշել, թե Արցախը հանձնելու, Արցախը հայազրկելու քաղաքականության մեջ էլ ում կարելի է մեղավոր հռչակել, բոլորին հռչակել են», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ռուսական կողմի մեղադրանքների ֆոնին վարչապետը երեկ առաջարկեց հիշել, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Հերթով թվարկեց 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները, որոնց դեպքում Երևանը պաշտոնապես դիմել էր թե՛ Մոսկվային, թե՛ ՀԱՊԿ-ին պայմանագրային պարտավորությունների կատարման ակնկալիքով, սակայն այդպես էլ արձագանք չստացավ։
Ի դեպ, 2021-ին Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ներխուժման մասին խոսելիս վարչապետը մի կողմից ընդգծեց, թե դա տեղի է ունեցել իր հրաժարականի և Ռուսաստանի արտգործնախարարի Երևան և Բաքու կատարած այցի օրերին, մյուս կողմից բացատրեց, որ ոչինչ չի ակնարկում, պարզապես ժամանագրությունն է ներկայացնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը դեռ պատասխաններ է ակնկալում ՀԱՊԿ-ից, ընդդիմությունը կարծում է՝ պետք չէր դիմել կառույցին
«Տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում էինք, որ ՀՀ լուծարման խնդիր է դրված», - նշեց նա։
Թե ովքեր էին Հայաստանի լուծարման խնդիր դրել, վարչապետն այդպես էլ չհստակեցրեց:
Ադրբեջանական հարձակումներին զուգահեռ ռուս պաշտոնյանների այցերը նկարագրելով՝ արդյոք Փաշինյանն անկարկում է, որ ռազմավարական դաշնակիցն է ադրբեջանական կողմին մղել Հայաստանի վրա հարձակման, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է՝ ընկալման հարց է. - «Որոշակի տարօրինակ գործողություններ միշտ եղել են ռուսական կողմից նախքան ռազմական գործողություններ իրականացվելը Ադրբեջանի կողմից։ Դա բոլորովին ակնհայտ է»։
Փաշինյանը դիտմամբ է խճճում իրադարձությունները. Գեղամ Մանուկյան
Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին առանց անուններ տալու հայտարարություն իշխող ուժը առաջին անգամը չէ, որ անում է: Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը չի հերքում՝ այդպիսի վտանգներ կան, սակայն վստահ է՝ Փաշինյանը դիտմամբ է խճճում իրադարձությունները, որպեսզի փորձի կոծկել իր մեղավորությունը։
«Իրական վտանգների դեմն առնելու փոխարեն զբաղվում է նոր թիրախներ գտնելով, քիչ առաջ հրապարակեցի. մեր անվտանգային համակարգերն ունեն բազմաթիվ բացեր, որոնք այս իշխանությունները չեն լուծում», - նշեց պատգամավորը:
Մինչ երեկ վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում, ըստ էության, մեղադրում էր Ռուսաստանին Արցախի հայաթափման և պայմանագրային պարտականությունների չկատարման համար, այսօր նրա թիմակից Արմեն Խաչատրյանը հայտարարեց՝ Ռուսաստանն ուղղակի ի վիճակի չէ դրանք իրականացնել. - «Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապված է արյունատար անոթներով, մեր կախվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերում»։
Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն առավել սրվեց Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, երբ ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին այն կանխելու համար: Երեկ էլ վարչապետը հայտարարեց, թե նրանք այդ օրերին թաքստոցում էին: