Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը:
Hürriyet Daily News-ի փոխանցմամբ, Էնթոնի Բլինքենը և Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին առնչվող հարցեր:
Հեռախոսազրույցի առանցքային թեման եղել է Գազայի պատերազմը և, մասնավորապես, այդ շրջափակված տարածք մարդասիրական օգնություն առաքելու անհրաժեշտությունը:
Գազայում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին՝ հրեական բնակավայրերի վրա «Համաս»-ի իրականացրած անսպասելի հարձակումից հետո: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:
Մինչդեռ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի առիթներով հայտարարել է, որ «Համաս»-ի զինյալները ոչ թե ահաբեկիչներ են, այլ պաղեստինյան տարածքի պաշտպաններ:
Ֆիդանը Բլինքենին ասել է, որ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում տագնապալի կացություն է ստեղծվել և կոչ է արել Բլինքենին ճնշում բանեցնել Իսրայելի վրա և հրադադար պարտադրել:
Բլինքենը և Ֆիդանը զրուցել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդակամցության հարցի մասին: Վաշինգտոնը և Ստոկհոլմն ակնկալում են, որ Անկարան հնարավորինս արագ կվավերացնի Շվեդիայի հայտը:
Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F16 տեսակի կործանիչներ վաճառելու և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը խթանելու հարցերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում ևս երկու իսրայելցի զինվոր է զոհվել, Նեթանյահուի դեմ բողոքի ալիքն աճում է