Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորված ժամկետներ չկան, այսօր Հայաստան-Ռուսաստան միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, «դա բավականին բարդ գործընթաց է»։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպումներն են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։
Հարցին, թե ո՞ր քարտեզներով են աշխատելու, Գրիգորյանը պատասխանեց․ - «Մենք որպես մեկնարկային քարտեզ ընդունում ենք 1975-ից 1990 թվականների՝ ամենաթարմ քարտեզներն են։ Բայց էստեղ ես ուզում եմ նաև հստակեցնել, որ մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով և նաև պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն», - ասաց Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է հայտնի 1975 թվականի քարտեզների մասինԵրևանն ու Բաքուն երեկ հաստատեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ Կողմերը նաև ամրագրեցին, որ պետք է երաշխավորվի նիստերի բոլոր մասնակիցների անվտանգությունը։
Մհեր Գրիգորյանը երեկ նշեց, որ հաստատված աշխատակարգով լուծվում են կազմակերպչական հարցերը, ապա հաջորդ փուլում կմշակվի կանոնակարգ, որն արդեն ավելի բովանդակային կլինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկլավների հարցով կողմերը միմյանց պետք է ներկայացնեն իրավական փաստաթղթեր, ապա քննարկեն՝ որքանով են դրանք լեգիտիմ«Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը 230 մլն դոլար էր»
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծից՝ փոխվարչապետն ասաց՝ նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են և իրականացման փուլում են՝ շեշտելով Հյուսի-հարավ ավտոճանապարհը։
«Մնացած մասերով կա լրացուցիչ հետազոտության կարիք՝ ծրագրի վերջնական արժեքն իմանալու համար։ Հարավային՝ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը, մեկ տարի առաջ ստացել ենք կարծիք և դա կազմում էր շուրջ 230 մլն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջությամբ վերականգնելու համար»,- ասաց փոխվարչապետը։