Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։
Ըստ այդ՝ նշում է, որ նիստերի անցկացման օրը, ժամը, վայրը որոշվում են հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ։ Նիստերը կարող են անցկացվել հաջորդաբար՝ կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի տարածքում, կա՛մ հայ-ադրբեջանական սահմանին, կա՛մ 3-րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով, ասաց արդարադատության փոխնախարար Արամ Մկրտչյանը։
Ընդունող կողմը պետք է ստեղծի հանդիպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ապահովի մասնակիցների անվտանգությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց՝ հիմա մշակվում են հիմնականում կազմակերպչական հարցերը, թե ինչպես են կողմերը հարաբերվելու և կազմակերպելու հանդիպումները, հաջորդ փուլում կմշակվի կանոնակարգ, որն արդեն ավելի բովանդակային կլինի։
«Սահմանազատման գործընթացն առաջին անգամ դրվում է ինստիտուցիոնալ հենքի վրա»,- նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նույնաբովանդակ աշխատակարգ կհաստատի նաև Ադրբեջանի կառավարությունը։
Սահմանազատման հարցերով հանձնաժողովը ստեղծվեց նախորդ տարի՝ Բրյուսելում մայիսի 22-ին կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով։
Հաջորդ օրը Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմերը: Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, ովքեր նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցերով առաջին անգամ հանդիպեցին 2022-ի մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ: Վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի ու Ղազախի հատվածում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանին հանդիպեցին սահմանազատման հանձնաժողովները. ի՞նչ ակնկալիքներ ունեն տեղի բնակիչները