Եվրամիությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Բրյուսելում ևս մեկ հանդիպում անցկացնելու համար, հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդարանում իր անանուն աղբյուրը։
«Բրյուսելյան գործընթացը ակտիվ է, ԵՄ-ն աշխատում է գործընկերների հետ՝ հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար», - ասել է աղբյուրը։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էր Հայաստանի ու Ադրբեջանի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը՝ 2 ադրբեջանցիների և 32 հայ զինծառայողներին ազատ արձակելու մասին՝ դա համարելով հարաբերությունների «մեծ առաջընթաց», «քաղաքական երկխոսության աննախադեպ բացում»:
Նա նաև ասել էր, որ այժմ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը։
Եվրոպական խորհրդի ղեկավարը 2021-ի դեկտեմբերից հանդիպումներ է կազմակերպում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, այս ընթացքում նրանք մի քանի անգամ համատեղ հայտարարություն են ընդունել՝ հարաբերությունների կարգավորման համար։
Որպես միջնորդ ու հանդիպումների անմիջական մասնակից Շառլ Միշելն «Ազատությանն» ասել է՝ բանակցությունների առանցքում առաջին հերթին հարաբերությունների կարգավորումն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր՝ նրանց հարաբերությունների կարգավորումը կազմակերպելու համար», - ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։