Ուկրաինայի նախագահը վաշինգտոնյան հանդիպումներից հետո այսօր անակնկալ այցով ժամանել է Օսլո, որտեղ կմասնակցի սկանդինավյան երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Օրակարգում Կիևին հավելյալ աջակցություն տրամադրելու հարցն է նաև։
«Դուք չեք կարող հաղթել առանց օգնության: Բայց դուք չեք կարող պարտվել, քանի որ այն, ինչը պետք է պարտվեք, ձեր երկիրն է», - ասել է Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 13-ին Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստոերեի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում:
«Այսօր մենք խոսեցինք այնպիսի կոնկրետ բաների մասին, որոնք կարող են փրկել հազարավոր ու հազարավոր ուկրաինացիների կյանքեր, ինչպես նաև ուժեղացնել ճնշումը ագրեսորի վրա», - հավելել է նա։
Մինչ այդ նա նույն հարցով Ամերիկայի ղեկավարության հետ էր բանակցում՝ փորձելով համոզել օրենսդիրներին հաստատել Ուկրաինայի համար նախատեսված աջակցությունը։ Առանց դրա ուկրաինացի զինվորականներին դժվար կլինի ոչ միայն հետ վերցնել ռուսների կողմից գրավված տարածքները, այլև կանգնեցնել հարձակման նոր փորձերը, պնդում է Կիևը։
Ռուսական լայնածավալ ագրեսիայի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է աննախադեպ՝ 111 միլիարդ դոլարի օգնություն, սակայն այսօր հանրապետականները սառեցնում են նոր ֆինանսավորումը՝ այդ հարցը կապելով Մեքսիկայի հետ սահմանին անվտանգության խիստ փոփոխությունների հետ, որոնց դեմ են դեմոկրատները։ Սա անընդունելի է, երեկ կրկին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը. - «Կոնգրեսը պետք է ընդունի Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը նախքան արձակուրդի գնալը, նրանք չպետք է Պուտինին տան սուրբծննդյան ամենամեծ նվերը»։
Նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Ուկրաինան համաձայնի խաղաղությանը որոշ տարածքներ զիջելու դիմաց, Զելենսկին կրկին պնդել է, թե Ուկրաինան տարածքներ չի զիջելու։
«Սա ուղղակի անհեթեթություն և հիմարություն է։ Այնտեղ ապրող մարդիկ մեր ուկրաինացիներն են, մեր երեխաները, ընտանիքները, մեր հասարակության անբաժան մասը», - նշել է նա։
Մինչ Բայդենը շարունակում էր թիկունք կանգնել Ուկրաինային և ասում էր, որ կշարունակի ձգտել Կոնգրեսի աջակցությանը, շատ հանրապետական օրենսդիրներ, ովքեր հանդիպել են Ուկրաինայի առաջնորդի հետ, ասում են, որ աջակցում են Ուկրաինային, հավելելով, թե ցանկանում են ֆինանսավորման օրինագիծը կապել Մեքսիկայի և ԱՄՆ հարավային սահմանի անվտանգությունը բարձրացնելու հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն իզուր է հույս փայփայում, թե մենք չենք օգնի Ուկրաինային. Բայդեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տունը լրացուցիչ ֆինանսավորում է խնդրում, նշելով, որ Ուկրաինային սատարելու միջոցները տարեվերջին կսպառվենՍպիտակ տան և Կոնգրեսի միջև առկա փակուղու ֆոնին՝ Զելենսկին լքել է Միացյալ Նահանգները հույսով, որ մոտ ապագայում հանրապետականներն ու դեմոկրատները կկարողանան պայմանավորվել, ինչը թույլ կտա նոր օգնությանը հասնել Կիև։
Օսլոյից Զելենսկին Telegram-ում գրել է, որ ինքը և Բայդենը կաշխատեն ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի քանակը՝ ետ մղելու այնպիսի հարձակումները, ինչպիսին Կիևի վրա վերջին օրերինն էին։
«Հենց երեկ նախագահ Բայդենը և ես պայմանավորվեցինք աշխատել Ուկրաինայում հակաօդային պաշտպանության համակարգերի քանակի ավելացման ուղղությամբ, ահաբեկչական երկիրը {Ռուսաստանը} ցույց տվեց, թե որքան կարևոր է այս որոշումը», - նշել է նա:
Վաշինգտոնում Զելենսկին հանդիպել է նաև ամերիկացի սենատորների հետ և առանձնազրույցներ ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ, որի հանրապետական գործընկերներն արգելափակել են Ուկրաինային տասնյակ միլիարդավոր դոլարների ռազմական օգնության օրինագիծը։
Այդ հանդիպումից հետո Ջոնսոնը հայտարարել էր, թե Բայդենի վարչակազմը կարծես թե պահանջում է միլիարդավոր հավելյալ դոլարներ՝ առանց համապատասխան վերահսկողության, հստակ ռազմավարության։
Իսկ մինչ հանրապետականներն ու դեմոկրատները վիճում են Ուկրաիանայի նոր օգնության օրինագծի շուրջ, ռուսները ոչ միայն բալեստիկ հրթիռներով ռմբակոծում են ուկրաինական քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը, այլև ակտիվ գրոհում են ճակատում։ Հատկապես Ավդեևկայի մոտ է թեժ այս օրերին։
Ամեն դեպքում Զելենսկու այցից հետո Վաշինգտոնը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, նոր ցուցակում 250 նոր անուն և ընկերություն կա, այդ թվում՝ Ալիևի ընտանիքի մտերիմ Գոդ Նիսանովի ղեկավարած «Կիևսկայա պլոշադ» ընկերությունը։