Այսօր Հայաստան վերադարձած 32 գերիները Իջևանից տեղափոխվել են Երևան՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Տեղում նրանք նախնական բուժզննում են անցնում: Վերադարձած գերիների ծնողներն ու հարազատները հավաքվել են հոսպիտալի դիմաց:
Ծնողներից շատերը «Ազատությանը» հայտնեցին, որ մինչև վերջին րոպեն հստակ չեն իմացել՝ արդյոք իրենց տղան վերադարձողների ցանկում է, թե՝ ոչ:
Հայաստան վերադարձված գերիների մեծ մասը Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայիններն են:
Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից վեց օր անց 32 հայ գերիներն արդեն Հայաստանում են։ Ադրբեջանական կողմը նրանց այսօր վերադարձրեց հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում։ Հայկական կողմն էլ իր հերթին Ադրբեջանին հանձնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ գերեվարված զինծառայողներն արդեն Հայաստանում են