Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Դատարանը երկու օր էր անցել խորհրդակցական սենյակ՝ քննելու դատախազության միջնորդությունը Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատախազությունը պնդում է, որ Խաչատրյանը չի մասնակցում դատական նիստերին և ձգձգում է դատավարությունը։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել դեռ 2019-ին, նա մեկ տարի կալանավորված էր, հետո ազատ արձակվեց շուրջ 250 հազար դոլար գրավի դիմաց։

68-ամյա Խաչատրյանին հայաստանյան իրավապահները մեղադրում են չարաշահման, վատնում կատարելու, փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ, Խաչատրյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի չափը կազմում է ավելի քան 41 միլիոն դոլար։