Ուկրաինայի արագ անդամակցումը ԵՄ-ին հակասում է Հունգարիայի շահերին. Օրբան

Վիկտոր Օրբանի ելույթը Հունգարիայի խորհրդարանում, Բուդապեշտ, 13 դեկտեմբերի, 2023թ.

Հունգարիան վաղը Բրյուսելում գումարվելիք Եվրոպական միության գագաթնաժողովին ընդառաջ վերահաստատում է, որ դեմ է Ուկրաինայի անդամակցությանն այդ կառույցին:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, թե Եվրամիությանը հարևան Ուկրաինայի արագացված կարգով անդամակցումը հակասում է Հունգարիայի ազգային շահերին:

«Կառավարության տեսակետն այն է, որ դա Եվրամիության համար կունենա անկանխատեսելի հետևանքներ: Ուկրաինայի արագ անդամակցումը չի բխում ոչ Հունգարիայի և ոչ էլ Եվրամիության շահերից»,- ասել է Օրբանը:

​Հունգարիայի վարչապետը սպառնացել է վաղը Բրյուսելում վետոյի ենթարկել Կիևի հետ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու որոշումը: