Այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրոպական միության նախաձեռնած «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովը:
Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Ըստ ԵՄ հաղորդագրության՝ նախքան համաջողովը Բորելը մտքերի ոչ պաշտոնական փոխանակում կունենա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, այնուհետև ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը կքննարկի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային, Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Ըստ հաղորդման՝ Բորելը նաև ոչ պաշտոնական նախաճաշ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը։
Հայաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը, ապա նաև Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, սակայն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում, ըստ հայկական կողմի, չի նախատեսվում:
«Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովին կմասնակցեն ծրագրին անդամակցող վեց պետություններից հինգի՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերտատեսչությունների ղեկավարները: Պատժամիջոցների ենթարկված Բելառուսը վերջին տարիներին հրավերներ չի ստանում:
Նախարարները պետք է կարծիքներ փոխանակեն «Արևելյան գործընկերության» ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկեն կատարած աշխատանքները և 2024 թվականի առաջնահերթությունները:
Նախարարներին ուղերձներով կդիմեն նաև «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը կայցելի Բրյուսել, կմասնակցի ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի, ԱլԳ հանդիպումներին