Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կքվեարկի 20 հազար ընտրող. ինչո՞ւ Ալիևը որոշեց 2 ամսից արտահերթ ընտրություն անցկացնել

Ադրբեջանն առաջին անգամ ընտրություններ կանցկացնի իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ուղիղ երկու ամսից՝ փետրվարի 7-ին կայանալիք ընտրություններում, ըստ Ադրբեջանի ԿԸՀ նախագահի, այդ տարածքներում առաջին անգամ կքվեարկի 20 հազար ընտրող։

«Հաշվի առնելով ազատագրված տարածքներում զինվորական ստորաբաժանումները, ընտրություններին կմասնակցի 20 հազար ընտրող։ Այդ մարդիկ պատմության մեջ կմտնեն, որպես ազատագրված տարածքների առաջին ընտրողներ», - նշել է ԿԸՀ նախագահը։

Միլի Մեջլիսի պաշտպանության հանձնաժողովի անդամ Էլշադ Միրաբաշիրօղլուն էլ իր հերթին նշել է, թե ճիշտ չէ առաջիկա ընտրությունները դիտարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։

«2024 -ի ընտրությունները առաջին նախագահական ընտրություններ են, որոնք կանցնեն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այն կդարձնի Ադրբեջանն ավելի ուժեղ և թույլ կտա ավելի մեծ վստահությամբ հասնել մեր նպատակներին», - ասել է պատգամավորը։

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն շարքային ադրբեջանցիները երկու ամսից կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից և ո՞ւմ են ընտրելու, հետաքրքրվել է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը:

«Ես կընտրեմ իմ նախագահին», - ասել է հարցվածներից մեկը:

«Իհարկե, երկրում շատ բան է պետք փոխել, ես փոփոխությունների կողմնակից եմ, ով ավելի լավը կլինի մեր երկրի համար, նրան կընտրեմ», - նշել է մեկ այլ քաղաքացի:

Մինչ Բաքուն խանդավառությամբ պատրաստվում է նաև իր վերահսկողության տակ անցած տարածքներում ընտրատեղամասերի բացմանը, Երևանում հույս են հայտնում, որ այդ արտահերթ ընտրությունները բացասաբար չեն ազդի խաղաղության գործընթացի վրա։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է, թե իր համար էլ անսպասելի էր Ալիևի որոշումը և դեռևս չի կարող ասել, պատճառը խաղաղության գործընթացը ձգձգելն է, թե ներքաղաքական խնդիրները։

«Ես հույս ունեմ, որ այդ գործընթացը չի լինի հերթական պատրվակը ադրբեջանական կողմի համար բանակցություններին չմասնակցելու», - ընդգծեց Խանդանյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մինչդեռ կարծում է, որ արտահերթ ընտրությունների գնալու Ալիևի որոշումը կապ չունի խաղաղության պայմանագրի հետ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահը անհանգստություններ ունի, որ արևմտյան ազդեցությամբ երկրի ներսում կարող են որոշ գործընթացներ տեղի ունենալ, այդ իսկ պատճառով շտապում է՝ չսպասելով 2025-ին նախատեսված ընտրություններին։

«Վերջին շրջանում նաև նկատելի է Եվրամիության, Միացյալ Նահանգների տարբեր պաշտոնատար անձանց ուղղված ադրբեջանական Արտգործնախարարության կամ այլ պաշտոնական դեմքերի նաև կոշտ հակադարձումներով, ակնհայտորեն Ադրբեջանը գնացել է քայլերի, որոնք թերևս առաջին հայացքից թվում է, թե մարսել է, բայց դրանք նաև որոշակի ռեզոնանս են առաջացրել, հիմա կարծում է մտահոգություն ունի Ադրբեջանի իշխանությունը, որ նաև արտաքին միջամտությամբ երկրում կարող են որոշակի գործընթացներ ձևավորվել: Եվ փորձում է ժամանակ չտալ այդպիսի գործընթացների համար, արագ գնում է ընտրությունների, որի պարագայում ընդդիմադիր այն ուժերը, որոնք ունեն որոշակի պոտենցիալ, ուղղակի ժամանակ չեն ունենա պատրաստվելու այդ ընտրություններին», - ասաց Աբրահամյանը:

«Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ տեղի փորձագետները մի քանի հիմնական պատճառ են մատնանշում, թե ինչու է Ալիևը շտապում։ Նախ, Ադրբեջանի նախագահի վարկանիշն այս պահի բավական բարձր է՝ Ղարաբաղն ամբողջապես վերահսկողության տակ առնելուց հետո։ Հաջորդ պատճառը՝ եկող տարի Ադրբեջանում սոցիալական վիճակի վատթարացում է սպասվում։ Այս տարի համախառն ներքին արդյունքն աճել է կես տոկոսով, այսինքն 5 անգամ քիչ, քան կանխատեսել էին տարեսկզբին, ինչը նշանակում է, որ տնտեսությունը ճահճացման մեջ է։

Ադրբեջանն այս ցուցանիշով խիստ զիջում է Հայաստանին, որի ՀՆԱ աճը կազմում է ավելի քան 9 տոկոս։

Ադրբեջանի տնտեսության անկման գլխավոր պատճառը, ըստ փորձագետների, նավթարդյունաբերության կրճատումն է։ Ադրբեջանի բյուջեի եկամուտների ուղիղ կեսը գոյանում է հենց էներգետիկ համակարգից։ Ըստ փորձագետների՝ Ալիևն իր որոշմամբ նաև փաստի առաջ կանգնեցրեց իր քաղաքական մրցակիցներին, որոնք չեն հասցնի 2 ամսում պատրաստվել ընտրություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություն կանցկացվի

Your browser doesn’t support HTML5

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կքվեարկի 20 հազար ընտրող. ինչո՞ւ Ալիևը որոշեց 2 ամսից արտահերթ ընտրություն անցկացնել