Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 2 ադրբեջանցիների և 32 հայ կալանավորների ազատ արձակման մասին։
Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», - հայտարարել է Պետդեպարտամենը՝ հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։
Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին երկու կողմից զինծառայողների ազատ արձակելու որոշման մասին, ինչպես նաև վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ «իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալվածներն են», մնացած 6-ը ձերբակալվել են սահմանին տարբեր ժամանակահատվածներում, և արդեն իսկ իրենց պատժի մեծ մասը կրել են։ Նրանց թվում չկան Արցախի կալանավորված նախկին պաշտոնյաները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միշելը Փաշինյանին ու Ալիևին կոչ է անում շուտափույթ ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքումը