Զինվորական ծառայությունից խուսափելը խրախուսո՞ղ, հայրենադարձությանը նպաստո՞ղ, թե՞ պետության բյուջեն հարստացնող. իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխությունները նաև հենց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում այս հարցերն առաջացրին։
«Հիմա իմ 17 տարեկան տղային ուղարկում եմ երկրից դուրս, 10 տարի ասում եմ սովորի, մի քիչ էլ մնա, 27 տարին լրանում է, գալիս եմ, 2.5 միլիոն դրամը վճարում եմ՝ տուգանքը վճարում եմ, 15 միլիոն եմ վճարում, լավ, ու ինքը չի ծառայում։ Ինչքա՞ն ժամանակ ենք դա անում, ուզում եմ հասկանամ», - հարցրեց իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
«Եթե ձեր երեխան 10 տարեկան է, և դուք այդպես մոլուցքով ուզում եք, որ նա չծառայի, այսօրվա կարգավորումներով, ցավոք սրտի, կան բացեր, որ դուք կարող եք այդ բացերից օգտվել, և այս օրենքը որևէ լարցուցիչ խթան չի հանդիսանա այս առումով», - պատասխանեց օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը պահանջում է քննել, թե արդյոք Հայկ Սարգսյանը խախտել է օրենքը՝ հրապարակելով զորակոչիկների թիվըՕրինագծով առաջարկվում է զինծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիներին 5 տարվա ազատազրկման փոխարեն կա՛մ ծառայել բանակում, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի՝ շուրջ 37 հազար դոլարի դիմաց։
Ըստ այդ փոփոխությունների՝ հետախուզվող քաղաքացիները կարող են քրեական հետապնդումից ազատվել նաև ավելի քան 2 միլիոն դրամ վճարելով ու մեկ տարի ծառայելով։ 5 միլիոն դրամի դիմաց կես տարի, իսկ 10 միլիոն դրամի դիմաց էլ ընդամենը 1 ամիս ծառայություն կանցնեն նրանք։
«Սրանով մենք մի քանի հարց ենք լուծում, առաջին հերթին՝ այդ հինգ հազարից ավելի քաղաքացիները, ովքեր գտնվում են այսօր քրեական հետապնդման տակ, նրանք ունենում են հնարավորություն ազատվելու քրեական պատասխանատվությունից, մենք ունենում ենք հավելյալ ռեսուրս զինված ուժերում, հավելյալ դրամական մուտքեր մեր պետական բյուջե, որը կուղղվի մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացմանը», - ասաց Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ կանխատեսվում է, որ այս հնարավորությունից կարող է մեկ տարում կարող է օգտվել բանակից խուսափած 1000 հետախուզվող քաղաքացի։
Շուրջ 37 հազար դոլարի դիմաց ծառայությունից ընդհանարապես ազատվելու առաջարկը իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը խնդրահարույց է համարում. - «Ծառայությունից խուսափած մարդուն, որը փաստացի դասալքությամբ է զբաղվել, ըստ էության, ես պետք է հնարավորություն տամ, որ գումարով ինքն իր այդ հանցանքը գործած մենք ներենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանական պատգամավորը բանակից խուսափած 5000 տղամարդկանց «հայրենիք վերադարձնելու» նախագիծ է առաջարկումՉնայած անհամաձայնությանը Վիլեն Գաբրիլեյանը կողմ քվեարկեց օրինագծին։
Նախագիծը քվեարկության կդրվի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում։ Օրինագծի վերաբերյալ իր առաջարկներ է ներկայացրել նաև կառավարությունը։ Գործադիրը լրամշակման անհրաժեշտություն է տեսնում։
«27 տարեկանից հետո ծառայության ժամկետները լինեն ոչ թե լինեն 24 ամիս, այլ ավելի խստացնող նորմ ունենա, համապատասխանաբար լինի 30 ամսով, 12 ամսի փոխարեն 15 ամսով, և 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով, որպեսզի դրանով չխրախուսենք, որ մտածեն, որ իքս ժամանակ ժամանակ հետո կարող են գումար վճարելով խուսափել», - ասաց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
Անցած տարիներին զինծառայություն չանցած քաղաքացիներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տրվում էր մի այլ օրենքով, որը ուժի մեջ էր մտել 2004 թվականին ու պարբերաբար երկարաձգվել էր։ Վերջին անգամ դրա գործողության ժամկետը երկարաձգվեց 2019 թվականի մարտին՝ մինչև 2020-ի հունվարի 1-ը։ 2021-ին ընդունած օրենքով էլ համաներվել էին զինծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացած այն տղամարդիկ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կամովին ներկայացել էին իրավապահներին։