Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պահանջում է քննել, թե արդյոք Հայկ Սարգսյանը խախտել է օրենքը՝ հրապարակելով զորակոչիկների թիվը


Ընդդիմությունը պահանջում է քննության առնել իշխող պատգամավորի գործողությունները պետական գաղտնիք հրապարակելու հարցում։

«Բայց դե իրենք պետք է անեն, ես ոչ դատավոր եմ, ոչ նախաքննական մարմին, ոչ էլ իշխանական պատգամավոր, որ առանց որևէ իրավական հիմնավորման դատավճիռ արձակեմ։ Իրավապահները, քննության հարց է, իրավական գնահատական պետք է տրվի՝ կա խախտում, թե չկա խախտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հայկ Սարգսյանը երեկ իր հեղինակած օրինագիծը ներկայացնելիս խոսել էր նաև բանակի մտահոգիչ իրավիճակից ու ձեռքի տակ ունեցած թվերը հրապարակել։ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն՝ 44 հազարից դարձել է 24 հազար», - ասել էր նա:

Տարիներ շարունակ բանակին վերաբերող խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս պնդում է՝ այս տեղեկությունը դասվում է պետական գաղտնիքների ցանկում։ Այդ մասին իր հարցումները, համենայն դեպս, նախարարությունը մշտապես թողել է անպատասխան։

«Մեզ մերժել են այն հիմնավորմամբ, որ դա հանդիսանում է պետական գաղտնիք, այնուհետև անգամ մենք դատարան ենք դիմել, դատարանն էլ է մերժել՝ գտնելով, որ իրապես հիմնավոր է, որ դա համարվի պետական գաղտնիք», - պատմեց Սաքունցը։

Ըստ օրենքի՝ Զինված ուժերի թվաքանակը պետական գաղտնիք է, և այս մասին տեղեկության հրապարակումը մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսում։ Արդյո՞ք Հայկ Սարգսյանը տեղեկացվել է գաղտնիության մասին և իսկապես խախտել է օրենքը այս տեղեկությունը հրապարակելով՝ Պաշտպանության նախարարությունից ու դատախազությունից չեն հստակեցնում։ Երկուսն էլ «Ազատության» գրավոր հարցումներին դեռ չեն արձագանքել։

«Ինչ՞ւ չեն օրենքի նորմերը տարածվում բոլորի համար, այսինքն՝ եթե, օրինակ, ես հրապարակեի նման թվեր, արդյոք չէի ենթարկվի քրեական պատասխանատվության։ Դա մեծ հարց է», - հարցնում է Սաքունցը։

Նույն՝ պետական գաղտնիքը վկայաբերելով՝ Պաշտպանության նախարարությունը անցած տարիներին իրավապաշտպաններին հրաժարվել է տեղեկություններ տրամադրել բանակի համար գնված ապրանքների քանակի ու ծավալի վերաբերյալ։

XS
SM
MD
LG