«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

Հայաստանում ստեղծված առաջին արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի հետ հաջողվել է կապ հաստատել, հայտնում է «Բազումք»-ը։ Այն արդեն 3 օր է՝ տիեզերքում է։

«Հայասաթ» թիմը տեղեկացնում է, որ արբանյակն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանով՝ առանց խոչընդոտների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին։


Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։