Մոտ մեկ շաբաթ տևած ժամանակավոր հրադադարից հետո ծանր ռազմական գործողությունները Գազայում վերսկսվել են, Իսրայելի օդուժը հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի դիրքերին, որին Թել Ավիվը մեղադրում է կրակի դադարեցման ռեժիմը խախտելու համար:
Զինադադարը պետք է ավարտվեր այսօր առավոտյան ժամը 7-ին, սակայն դրանից մեկ ժամ առաջ Իսրայելը հաղորդեց, որ վաղ առավոտյան Գազայից արձակված հրթիռ է խոցել։
«Ռազմական գործողությունների վերսկսմամբ մենք ընդգծում ենք՝ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է պատերազմի նպատակներին՝ ազատել մեր պատանդներին, վերացնել «Համաս»-ը և երաշխավորել, որ Գազայի հատվածը երբեք վտանգ չի ներկայացնի Իսրայելի բնակիչների համար», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։
2007 թվականից Գազան վերահսկող «Համաս»-ն, իր հերթին, Իսրայելին է մեղադրում հրադադարի ռեժիմի ավարտի համար՝ պնդելով, որ հենց իսրայելական կողմն է մերժել ավելի շատ պատանդներ ազատ արձակելու և հրադադարի ժամկետը երկարաձգելու առաջարկը:
«Այն, ինչին Իսրայելը չհասավ հրադադարից առաջ՝ 50 օրվա ընթացքում, չի հասնի նաև զինադադարից հետո», - պնդել է «Համաս»-ի քաղաքական բյուրոյի անդամ Էզզատ Էլ Ռաշքը:
Ռազմական գործողությունների վերսկսվելուց ժամեր անց արդեն հաղորդվեց Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ կորուստների մասին։ Առողջապահական ոլորտի պաշտոնյաների տվյալներով՝ մի քանի ժամվա ընթացքում սպանվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ՝ այդ թվում կանայք և երեխաներ, կան տասնյակ վիրավորներ։ Ըստ Al Jazeera-ի՝ այսօրվա ռմբակոծության հետևանքով զոհվել է նաև երկու բուժաշխատող և մեկ լրագրող։
Reuters-ի փոխանցմամբ՝ իսրայելական օդային հարվածների հետևանքով բազմաթիվ բնակելի տներ են վնասվել։ Տեղից ստացվող տեսանյութերում երևում են փլատակներում հայտնված երեխաներ, պատգարակներով տեղափոխվող կանայք։ «Համաս»-ի հրթիռակոծության հետևանքով իսրայելական կողմից տուժածների մասին տեղեկություններ չկան:
Բժիշկների ու ականատեսների խոսքով՝ ռմբակոծությունն առավել ինտենսիվ է եղել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում և Ռաֆահում, հարվածներ են հասցվել նաև կենտրոնական և հյուսիսային շրջաններին:
Մի քանի ժամվա ընթացքում տասնյակ զոհերի և վիրավորների հանգեցրած Իսրայելի և «Համաս»-ի միջև ռազմական գործողությունների վերսկսումը վկայում է, որ դիվանագիտական լարված ջանքերն արդյունք չտվեցին: Մի շարք միջազգային լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ Եգիպտոսն ու Կատարը, որոնք առանցքային դեր են խաղացել անցած օրերին կրակը դադարեցնելու շուրջ պայմանավորվածության հարցում, այդուհանդերձ շարունակում են բանակցությունները՝ փորձելով հասնել հակամարտող կողմերի միջև նոր համաձայնության։
Անցած յոթ օրերի հրադադարի գործարքի առանցքում հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից առևանգված անձանց ազատ արձակումն էր: Իսրայելն, իր հերթին, բանտերից ազատ է արձակել 100 պաղեստինցիների։ Փոխանակված պատանդները հիմնականում կանայք, դեռահասներ և երեխաներ են: Գազայի հատվածում գերության մեջ գտնվող մյուս 140 անձանց մեծ մասը տղամարդիկ և իսրայելցի զինվորականներ են, դեռևս հայտնի չէ, թե նրանց ազատ արձակման դիմաց ինչ է պահանջում պաղեստինյան խմբավորումը։
Վերսկսված լայնածավալ պատերազմը գերիների փոխանակման գործընթացը բարդացնելուց բացի նաև սպառնում է է՛լ ավելի վատթարացնել հումանիտար ճգնաժամը Գազայում, որտեղ սննդի, ջրի և դեղորայքի խիստ պակաս կա, այստեղ ծայրաստիճան ծանր է նաև առողջապահական համակարգի վիճակը։ Հրադադարի շնորհիվ Գազայի հատված էին հասել տասնյակ բեռնատարներ, սակայն հումանիտար կազմակերպությունները փաստում են՝ այդ բեռները բավարար չեն տեղի կարիքների համար:
ՄԱԿ-ն ափսոսանք է հայտնել Գազայում հակամարտության վերսկսման կապակցությամբ՝ ռազմական գործողությունները որակելով «աղետալի» և պատերազմող կողմերին կոչ անելով տևական հրադադար հաստատել:
«Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի է», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։
ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակի խոսնակ Յենս Լաերկենի բնորոշմամբ՝ «դժոխքը վերադարձել է Գազա»: Նա մտավախություն է հայտնել, որ կրակի վերսկսումը կրկին կխոչընդոտի հումանիտար մատակարարումները։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ պնդել է՝ Գազայի հատվածի նկատմամբ անտարբերություն դրսևորելով հավանություն է տրվում «երեխաների սպանություններին»: