Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության
խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան Սկոպյեում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ապագա հեռանկարները, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ X-ի էջը՝ այլ մանրամասներ չնշելով։
Ադրբեջանական կողմը նշում է, որ հանդիպմանը փոխանցվել է նաև Բաքվի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ համաձայնագրի ստորագրման առնչությամբ։
Բայրամովը կրկին բողոքել է Երևանից՝ նշելով, թե «Հայաստանի գործողություններն ու ռազմաքաղաքական սադրանքները խաթարում են խաղաղ համաձայնագրի ստորագրման ջանքերը»։
Ադրբեջանցի դիվանագետն ընդգծել է՝ «չնայած Հայաստանի սադրանքներին և գործընթացները հետաձգելու փորձերին», Բաքուն «հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»։
«Նշվել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է արդյունավետ հարթակ դառնալ երկու երկրների պատվիրակությունների միջև վստահության հաստատման համար», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Բայրամովը։
Սկոպյեում երեկ մեկնարկել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ևս մասնակցում են համաժողովին, սակայն երկկողմ հանդիպում նախատեսված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին. Արարատ Միրզոյան