Միրզոյանն ու Բլինքենը հանդիպել են Սկոպյեում, քննարկել հայ-ադրբեջանական կարգավորման զարգացումները

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր են քննարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններին Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի քաղաքական կամքի դեպքում առաջիկա երկու շաբաթում կարելի է կնքել խաղաղության պայմանագիրը. ՍիմոնյանԱյս պահին պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է երեք սկզբունքների հիման վրա կնքել խաղաղության պայմանագիր. վարչապետ

Տարածաշրջանային ծրագրերի համատեքստում Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։

Ամերիկյան կողմը հանդիպման մասին հաղորդագրություն առայժմ չի հրապարակել:

Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում նաև այլ երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների պաշտոնակիցների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի, Ալիևի հետ