2022-ին 12,6 տոկոս, այս տարի՝ ակնկալվող ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ։ Կառավարության ղեկավարն ու անդամները չեն թաքցնում՝ գոհ են տնտեսական ցուցանիշներից։
Օրինակ՝ 2018-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 3 միլիարդ դոլարով ավելի է, ինչը հնարավորություն է տալիս ավելի մեծ ներդրումներ անել ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում։
Չնայած այսպիսի դրական ցուցանիչներին՝ Հայաստանում վերջին 5 տարիներին գրեթե չի նվազել աղքատների թիվը։ 2019-ին աղքատության ցուցանիշը 26.4 տոկոս էր, 3 տարի անց՝ 2022-ին՝ 24.8 տոկոս։
«Այո, մենք ունենք որոշակի դրական դինամիկա, բայց երբ տեսնում ենք, թե ինչպես է այդ դինամիկան բաշխվել հասարակության մեջ, այստեղ է հիմնական մտահոգությունը, օրինակ՝ բանկային հատվածի շահութաբերությունը երեք անգամ ավելացել է, ունենք կտրուկ աճ, ունենք աշխախատեղերի աճ հանրային սննդի ոլորտում օտարերկրացիներով պայմանավորված, IT ոլորտում դարձյալ օտարերկրացիներով պայմանավորված։ Ներքին աշխատատեղերի բացման աշխատանքը բավականին դանդաղ է գնում», - ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Գործազրկության թվերը ևս դանդաղ են կրճատվում. 2018-ն ամփոփվել էր ավելի քան 16 տոկոս գործազրկությամբ, 2022-ին գործազրկության մակարդակը 13,5 տոկոս էր, այս տարվա 2-րդ եռամսյակում՝ 11.7 տոկոս: «Ազատությունը» հարցման ընթացքում ամենշատը հանդիպեց աշխատանք փնտրող թոշակառուների և երեխաներ խնամող մայրերի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հաջորդ տարի նախատեսում է ծախսել 7.4 միլիարդ դոլար. ինչպե՞ս է բաշխվելուՀայաստանում ստեղծվող աշխատատեղերի ու աշխատաշուկայի միջև մեծ անդունդ կա. տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծվող աշխատատեղերի ու աշխատաշուկայի միջև մեծ անդունդ կա, միաժամանակ կան հազարավոր անգործ մարդիկ ու բազմաթիվ թափուր աշխատատեղեր։ Այս խնդրի լուծմամբ, ըստ տնտեսագետի, պետք է զբաղվի կառավարությունը՝ մասնավորապես զբաղվածության պետական հատուկ ծրագրերի միջոցով, որոնց համար, ըստ բյուջեի նախագծի, անգամ բավարար գումար չի հատկացվել։
Ինչ ծրագրերի միջոցով է կառավարությունն ի վերջո պատրաստվում հաղթահարել ավելի քան 24 տոկոսի աղքատությունը ու ավելի քան 11 տոկոսի գործազրկությունը. Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ վերանայելու են անապահովության գնահատման կամ ավելի հայտնի՝ աղքատության նպաստների ծրագիրը՝ նպաստներ տալով ծայրահեղ աղքատներին՝ ավելի փոքր թվով մարդկանց՝ ավելի մեծ գումար։ Ծրագիրը իրականացվելու է հաջորդ տարվանից փուլ առ փուլ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիճկոմի թվերը վկայում են՝ ընտանիքներում մարդկանց միջին եկամուտները նվազել ենՆախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը պարզաբանում է՝ 2024-ին ֆինանսավորելու են զբաղվածության ծրագրեր, դրանք, սակայն, այժմ բյուջեում արտացոլված չեն, քանի որ դեռ մշակման փուլում են։ Նախարարությունում որոշել են մեծ գումարներ չհատկացնել գործող ծրագրերին դրանց անարդյունավետության պատճառով։
«Կային ծրագրեր, օրինակ, 14 տոկոս էֆեկտիվություն ունեին, կոպիտ ասած՝ մեծ գումար էինք ծախսում անիմաստ, արդյունքում 14 տոկոս ասելով խոսքը գնում է՝ սովորելուց հետո աշխատանք քանի տոկոսն է գտել, դա որքանով է էֆեկտիվ նույն ոճով շարունակելը», - ասաց նա։
Զուգահեռ նախարարությունը մշակել է զբաղվածության ռազմավարություն, որը դեռ չի հրապարակվել, սակայն ծրագրում են ընդունել 2024-ի սկզբին։ Ըստ Սարգսյանի՝ փորձել են գործազրկության հաղթահարման կոնկրետ քայլեր առաջարկել, ներդնել ծրագրերի գնահատման համակարգ՝ զբաղվածության ծրագրի մասնակիցը գտնո՞ւմ է աշխատանք, թե՞ ոչ։
«Մենք մեծ բանակ ունենք չաշխատող չսովորող երիտասարդների, որոնք աշխատաշուկայում ինտեգրված չեն, չեն աշխատում և չեն սովորում։ Կամ աշխատելը, կամ սովորելը կարևոր ցուցանիշներ են, բայց ցավոք սրտի, իրենք ինտեգրված չեն։ Ունենք մեծ թվով բնակչություն, որոնց մեջ կան 30-40 տարեկան կանայք, որոնք աշխատաշուկա չեն ինտեգրվում կամ դժվարություն են ունենում։ Ունենք մեծ թվով նպաստառուներ, որոնք ստանում են ստանում, սակայն աշխատունակ են և չեն աշխատում ինչ-ինչ պատճառներով», - նշեց նա։
Գործազուրկների կոնկրետ խմբերին աջակցելուց բացի, կառավարությունը պետք է փորձի լուծել մարզերում գործազրկության բարձր մակարդակի խնդիրը։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ամենաշատ թափուր աշխատատեղերը Երևանում են, ամենամեծ պահանջարկը վայելում են բանվորները սննդի ու մշակվող արդյունաբերության ոլորտում, հաջորդ տեղում վաճառողներն ու սպասարկման ոլորտի աշխատողներն են։