Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի գնահատված գույքը բռնագանձելու գործը դատաքննության փուլ մտավ։ Ինքը՝ Քոչարյանը նիստին ներկա չէր։
20 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, ավելի քան մեկ ու կես միլիոն դոլարի ներդրումներ ավանդներ, 10 միլիարդի այլ անձանց տված փոխառություններ, մասնաբաժիններ տարբեր ընկերություններում ու ևս 22 միլիարդ դրամ։ Դատախազությունը երկրորդ նախագահի ընտանիքից այսքան է ցանկանում բռնագանձել։ Գույքն ու դրամական միջոցներն այժմ կալանքի տակ են. արգելանք է դրվել նաև «Տոյոտա Երևանի» 30 տոկոսի, «Օրանժ ֆիթնես»-ի 50 տոկոսի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության 60 տոկոսի, «Կոնգրես» հյուրանոցի և Play city ժամանցի կենտրոնի բաժնեմասերի վրա:
Իրավապահ մարմիններն իրենց ուսումնասիրությունը հուլիսին ավարտեցին, Հակակոռուպցիոն դատարանում այսօր սկսվեց քննությունը, բայց առանց տեսախցիկների։ Լրագրողներին թույլատրեցին միայն ներկա լինել ու ձայնագրություններ անել։ «Տեսագրելը մեզ համար նպատակահարմար չէ», - պարզաբանեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:
«Նախնական դատական նիստի իրավական գործընթացների շրջանակներում նպատակահարմար չենք գտել, որպեսզի տեսագրվի առնվազն, որպեսզի անխոչընդոտ կարողանանք աշխատանք իրականացնել: Խոչընդոտում է, երբ որ կողմերը փորձում են ոչ թե դատավարական գործընթաց իրականացնել, այլ փորձում են դատավարական գործընթացը վերածել պայմանականորեն հանրության համար ինչ-որ գործընթացի: Իրականում դատավարությունը, արդարադատությունը շատ լուրջ երևույթ է, և արդարադատության շրջանակում պետք է մարդիկ պայմանավորված լինեն՝ ներկայացնեն իրավական արգումենտները», - ասաց Օրբելյանը:
Նիստը երկար չտևեց. հիմնականում մեկ հարց քննարկեցին. երկրորդ նախագահը 20 միլիոն դրամի գույքահարկ պետք է վճարի, ըստ փաստաբանի, պարտավորությունը կատարելու համար անհրաժեշտ է այդ գումարի չափով արգելանքը հանել։ Դատախազը չառարկեց, դատարանն էլ համաձայնեց։ Դատախազը ցանկացավ հրապարակել ամբողջ հայցադիմումը՝ թե ինչ են պահանջում Քոչարյաններից:
Երկրորդ նախագահի ու ընտանիքի մյուս անդամների ներկայացուցիչները, սակայն, խնդրեցին հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, թե գործի նյութերին ամբողջությամբ չեն ծանոթացել։ Դատավորը շուրջ մեկ ամիս ժամանակ տվեց, հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին:
Դատարանի բակում երկրորդ նախագահի փաստաբանն ասաց՝ առայժմ պնդումներ չեն անի, քանի որ իրենց համար դեռ հասկանալի չէ, թե ինչ հաշվարկ են արել իրավապահները, որ գույքն ումն են համարել ու ում հետ կապել:
«Պարոն Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ, այն, ինչ-որ իրեն է պատկանում, իրենն է և օրինական է: Եթե դատախազությունը պետական տույժ չունի, ինչ թիվ ցանկանա կարող է գրել: Համապատասխան դատական նիստին կկարդա ինչ են փորձում բռնագանձել, պարոն Քոչարյանը, ավելին ասեմ՝ նաև ընտանիքի անդամները չունեն այլ գույք, չի լինելու այլ գույք, ինչի մասին որպես սեփական գույք չի խոսվել բավականին երկար ժամանակ», - նշեց Արամ Օրբելյանը:
Օրբելյանն առանց թիվ հրապարակելու հայտարարեց՝ երկրորդ նախագահի հաշիվներում շատ ավելի քիչ գումար կա, քան դատախազությունն է ներկայացնում. - «Էապես ցածր են քան 21 միլիարդը կամ 30 միլիարդը: Եթե դրամական միջոցները լինեին ավելի շատ, արգելանքից հանելու խնդիրն ընդհանրապես չէր առաջանա, որովհետև դատարանը կասեր՝ ոչ արգելանքի տակ գտնվող գույք ունեք, գնացեք այնտեղից վճարենք գույքահարկը»:
Ապօրինի գույքի բռնագանձման գործով նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է անցնում։