Միացյալ Նահանգներն Ադրբեջանին զգուշացրել է՝ զերծ մնալ հնարավոր էսկալացիայից, կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայանի հայտարարությունը, որ Վաշինգտոնը կօգտագործի բոլոր գործիքները՝ կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային ուղու ստեղծումը։
Ամերիկացի դիվանագետը ժամեր առաջ խոսել էր, մասնավորապես, Կենտրոնական Ասիայից Հայաստանով ու Ադրբեջանով դեպի Թուրքիա կոմունիկացիաների բացման պայմաններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը Երևանի և Բաքվի համար խաղաղություն հաստատելու «իրական հնարավորություն» է տեսնումՍիմոնյանը պնդեց, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը հայ - ադրբեջանական բանակցությունների օրակարգում չէ, կրկնեց՝ կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության պահպանմամբ։ Իսկ Երևանը, ըստ ԱԺ խոսնակի, մշտապես է տեսնում Բաքվի կողմից էսկալացիայի վտանգ։
«Ես վստահ եմ, որ եթե դրա հնարավորությունը լինի, իրենք կուզենան, որ ընդհանրապես Հայաստան չլինի», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նա կարծում է՝ Բաքուն ժամանակ է ձգում, ու Ադրբեջանի իշխանության քաղաքական կամքի դեպքում առաջիկա երկու շաբաթում կարելի է կնքել խաղաղության պայմանագիրը։ Ըստ ԱԺ խոսնակի՝ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ կա համաձայնություն։ Սիմոնյանը, սակայն, ոչ համաձայնեցված, ոչ էլ չհամաձայնեցված կետերի մանրամասների մեջ չմտավ։
«Կարելի ա գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունը իրոք քաղաքական կամք դրսևորի: ենթադրենք ութ կետ կա կամ ինը կետ կա՝ ութից յոթը համաձայնեցված է, համաձայնեցված է, ասենք, չգիտեմ, մինչև ստորակետ», - ընդգծեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը:
«Ազատության» դիտարկմանը՝ «Ադրբեջանը ուզում է ավելի՞ն պոկել», Աժ նախագահն արձագանքեց. - «Դե միանշանակ՝ բոլորն էլ նման իրավիճակում ուզենալու են ավելին պոկել, բայց միանշանակ՝ Հայաստանի Հանրապետությունը հավելյալ տեղ՝ զիջում անելու, չունի: Տեսեք, նույնիսկ մեր քաղաքական իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, էնպիսի հայտարարություններ է արել և էնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունն էլ ենք դրել հարվածի տակ և մեծ ռիսկի ենք գնացել, բայց մենք արել ենք դա՝ հասկանալով, որ մեզ պետք է խաղաղություն»:
Հարցին էլ՝ «Արցա՞խը նկատի ունեք», Ալեն Սիմոնյանը պատասխանեց. - «Խի՞ մենակ Արցախը, էնքան բան կարող եմ ասել, էնքան օրինակ կարող եմ բերել՝ սկսած վարչապետի հայտարարություններից ստեղ, վերջացրած համաձայնություններից և մեր ժողովրդից, որը որ բռնի տեղահանվեց»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։ Արդյո՞ք արգործնախարարների նոր հանդիպում է պատրաստվում՝ վաշինգտոնյան հարթակում այս ընթացքում հենց արտաքին գերատեսչությունների ղեկավարներն են բանակցել։ Պաշտոնապես նոր պայմանավորվածության մասին կողմերը չեն հաղորդում։
Ղեկավարների բանակցություն էլ, ըստ Հայաստանի խորհրդարանի խոսնակի, այս պահին չի նախատեսվում. - «Այս պահին առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի, Ալիևի հետԻլհամ Ալիևն Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից հետո եվրոպական հարթակում երկու հանդիպում է բոյկոտել, նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված արտգործնախարարների բանակցությունն էլ Բաքուն չեղարկեց՝ դժգոհելով հենց պետքարտուղարի օգնական Օ'Բրայանի երեկվա հայտարարությունից գրեթե չտարբերվող խոսքերից, թե «ուժով տարանցիկ միջանցքի բացումը Վաշինգտոնի կոշտ արձագանքին կարժանանա»։
Բլինքեն-Ալիև երեկվա հեռախոսազրույցի մասին Վաշինգտոնի ու Բաքվի պաշտոնական հաղորդագրությունների շեշտադրումները խիստ տարբեր են։ Բլինքենն, ըստ Պետքարտուղարության, խոսել է հա - ադրբեջանական խաղաղ գործընթացի շուրջ համագործակցության ամրապնդման հնարավորություններից ու բարձր մակարդակով հանդիպումների անցկացման կարևորությունից։ Անդրադարձել է նաև երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանի անհանգստացնող հարցերին։ Իսկ ամերիկյան միջնորդությունից հրաժարված Բաքվի հաղորդմամբ՝ Ալիևն ասել է, թե Ամերիկայի հետ հարաբերությունները չեն կարող «նախկինի պես լինել»։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բլինքենը թույլտվություն է խնդրել, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայանը դեկտեմբերին այցելի Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ալիևը համաձայնել է Բաքվի դժգոհությունը հարուցած պաշտոնյայի այցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Վաշինգտոնը վերականգնում են բարձր մակարդակի այցելություններըԻսկ ահա Փաշինյանի հետ զրույցում, ըստ ամերիկյան կողմի, Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունն ավելացնելու ջանքերը:
Ի դեպ, Հայաստանի ԱԺ նախագահն այսօր ասել է՝ դեռ չեն ստացել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները, Երևանն իր պատասխանը մեկ շաբաթ առաջ էր ուղարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը