58000 ստորագրություն հավաքած «Հայաքվե» նախաձեռնությունը այսօր ավելի քան 5 ժամանոց հանրային լսում անցկացրեց Ազգային ժողովում։
Նախաձեռնությունը քաղաքացիների ստորագրությունների միջոցով Ազգային ժողով հասած օրենսդրական փոփոխության փաթեթ է, որով առաջարկվում է քրեականացնել Հայաստանի անունից Արցախը այլ պետության կազմում ճանաչելը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը։
Գործընթացը սկսվել էր դեռ ամռանը, երբ Արցախն արդեն շրջափակված էր, սակայն ոչ հայաթափված, ինչպես այսօր։ Արդյո՞ք ուշացած չէ օրենսդրական այս առաջարկներն Ազգային ժողով բերելը, հետաքրքրվեցինք «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանից։
«Ընդհակառակը՝ հենց դրանով է արդիական մեր նախաձեռնությունը: Մենք ասում ենք՝ չի կարելի համակերպվել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հետ, պետք է շարունակել պայքարել մարդկանց իրավունքների համար: Եթե Հայոց մեծ ցեղասպանությունը տեղի է ունեցել սրանից 108 տարի առաջ և ինչ-որ իմաստով համարյա բոլոր մարդիկ, որոնք ֆիզիկապես տուժել էին դրանից, արդեն չկան, ապա Արցախի դեպքում մարդիկ կան և ավելին ասեմ՝ ունեն վճռականություն՝ Արցախ վերադառնալու, ուստի հենց այդ պատճատով պետք է այս նախաձեռնությանը հետամուտ լինել և դրանով ստեղծել լրացուցիչ կռվաններ», - պատասխանեց Չալաբյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ևս հայտարարում է, որ պայքարելու է արցախցիների իրավունքների համար, սակայն միևնույն ժամանակ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Չալաբյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է «Հայաքվե»-ի նախաձեռնող խումբը պատկերացնում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հրաժարվելը, ինչն, ըստ էության, նույնն է, ինչ Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելը։ Չալաբյանն արձագանքեց՝ որևէ մեկը չի խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելի՝ 58000«Մեր նախաձեռնությունը հնչում է այսպես՝ Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելն ու համապատասխան պատիժ: Խոսքը չի գնում Ադրբեջանի մասին, խոսքը գնում է Արցախի մասին: Արցախը 1991 թվականի դեկտեմբերի 10-ից սկսած, երբ իր անկախության հանրաքվեով անկախացավ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Խորհրդային միությունից, դա մի տարածք էր, չճանաչված պետություն էր, որի կարգավիճակը վերջնական ֆիքսված չէր: Բանավոր ճանաչումներ կան, բայց վերջնական փաստաթուղթ, որով Արցախը ճանաչված է մեկ այլ պետության կազմում գոյություն չունի, մեր նպատակը դա կանխելն է», - ընդգծեց Չալաբյանը:
Դեկտեմբերի 4-ին «Հայաքվե»-ի առաջարկները կքննարկվեն Պետաիրավական հանձնաժողովում, որը եթե տա դրական եզրակացություն, հարցը միանգամից կհայտնվի լիագումար նիստի օրակարգում, եթե տա բացասական եզրակացություն, ապա Ազգային ժողովի խորհուրդը պետք է քննարկի ու որոշի նախագծի ճակատագիրը, սակայն խորհուրդը կարող է նաև հարցը թողնել առկախված։
«Հնարավոր է, որ դրա շուրջ են տեղի ունենում բանակցություններ, դրանից հետո, ենթադրենք, այլ նստաշրջանի օրակարգ մտնելու կամ ինչ-որ փոփոխություններ իրականացնելու և այլնի շուրջ: Այդ հարցն իրավականորեն այդքան էլ լավ կարգավորված չէ», -ասաց Ավետիք Չալաբյանը:
Մինչ այդ խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարում էր՝ արդեն իսկ փոքր հաղթանակ է, որ «Հայաքվեն» կարողացել է օգտվել 2015-ին ընդունված Սահմանադրության տված հնարավորությունից ու հասնել Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Այն ժամանակ դաշնակցությունը սատարում էր սահմանադրական փոփոխությունները։
«Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով քաղաքացիներին տրված իրավունքները՝ առնվազն 50 հազար ընտրական իրավունք ունեցող անձանց կողմից օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու այս պահի դրությամբ հաջողված փորձն է, որովհետև այն հասել է խորհրդարան, ժողովրդի կողմից բարձրագույն ներկայացուցչական մարմին», - նշեց Մինասյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» այսօր հրաժարվեցին ներկայացնել իրենց դիրքորոշումը «Հայաքվե»-ի պահանջների վերաբերյալ, սակայն ավելի վաղ, դեռ ամռանը իշխող ուժից մեկնաբանություններ եղել են, թե «այս նախաձեռնությունը նվեր է Ադրբեջանի համար Հայաստանի դեմ պատերազմ հայտարարելու»։ Այն ժամանակ ՔՊ-ի պատգամավորներն ասում էին, թե Արցախի հարցով բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստեն Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները, այդպիսի բանակցություններ սակայն այդպես էլ տեղի չունեցան, իսկ սեպտեմբերյան հարձակումից հետո Արցախի վերջին նախագահը երկիրը լուծարելու մասին հայտարարեց, նախկին նախագահները գերեվարվեցին ու կալանավորվեցին։
Your browser doesn’t support HTML5