Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներին Մոլդովայի միանալը Մոսկվան գնահատում է որպես թշնամական քայլ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա գնահատում ենք որպես հերթական թշնամական քայլ Մոլդովայի ղեկավարության կողմից, որն ամբողջովին ինտեգրվել է «հավաքական Արևմուտքի» հակառուսական արշավում։ Դրա նպատակը ռուս-մոլդովական հարաբերությունների իսպառ ոչնչացումն է, որոնք պաշտոնական Քիշնևի մեղքով արդեն գտնվում են շատ անմխիթարական վիճակում», - հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ մոլդովական կողմի որոշումն անպատասխան չի մնա։
Նրա խոսքով՝ Մոլդովայի ղեկավարության ապակառուցողական նման կուրսը դժվար թե համապատասխանում է երկրի բնակիչների շահերին, որոնց ճնշող մեծամասնությունը, Զախարովայի կարծիքով, բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանին և հետաքրքրված է պահպանել ու զարգացնել երկկողմ բազմապլան համագործակցությունը։
Նոյեմբերի 23-ին Մոլդովան պաշտոնապես միացել է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը խարխլելու կամ սպառնալիքի տակ դնելու Մոսկվայի գործողությունների հետ։