Մոլդովան արգելափակել է մի շարք ռուսական կայքերի հասանելիությունն իր տարածքում։ Դա իրականացվել է երկրի հատուկ ծառայության՝ «Տեղեկատվության և անվտանգության դեպարտամենտի» հրահանգով։
Արգելափակված կայքերի թվում են ռուսաստանյան երկու խոշոր լրատվական գործակալությունների՝ ТАСС-ի և «Ինտերֆաքս»-ի, ինչպես նաև «Սպուտնիկ» ռադիոկայանի, «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթի էջերը։
«Ընդհանուր առմամբ՝ 31 կայք է արգելափակվել, որոնցից 21-ը ուղղակիորեն կառավարվում են Ռուսաստանից», - հաղորդում են մոլդավական աղբյուրները։
Բացի այդ, երկրի հատուկ ծառայությունների հրահանգով հետ են կանչվել տեղական վեց հեռուստաընկերությունների արտոնագրերը՝ «օտար շահեր սպասարկելու և Մոլդովայի տեղեկատվական անվտանգությանը սպառնալու» պատճառաբանությամբ։