Մոսկվան հույս ունի, որ Երևանը կշարունակի իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, "Россия-1"ի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ուշադրություն են դարձրել [Հայաստանի] արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որ կազմակերպության հետագա աշխատանքներին չմասնակցելու որևէ ծրագիր չունեն», - ասել է Կրեմլի խոսնակը՝ շեշտելով․ - «Սա շատ կարևոր է, ուստի ելնելով սրանից, բնականաբար, մեր հայ գործընկերների հետ զրույցը կշարունակվի»։
Նա հավելել է՝ Կրեմլն ակնկալում է, որ հետագա շփումների ընթացքում հայկական կողմն ավելի ակտիվ կներգրավվի աշխատանքներին։
Երեկ Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը։ Երևանի ու դաշինքի լարված հարաբերություններին ֆոնին ՀԱՊԿ երկօրյա գագաթնաժողովին Հայաստանից որևէ պաշտոնյա չի մասնակցել։
Երեկ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանը չի դիտարկում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլն ափսոսում է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համարՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ՀԱՊԿ-ին մեղադրել է 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հետ բախումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու համար։
Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնություն ցույց տալու հարցն, իսկ ինքը՝ Փաշինյանը, Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի մեկնի Մինսկ։
Բելառուսի արտգործնախարարը երեկ տեղեկացրել է, որ Մինսկի գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել՝ պարզաբանելով՝ ընթացակարգերի համաձայն, ՀԱՊԿ բոլոր որոշումները պետք է ընդունվեն միաձայն կոնսենսուսով, այդ պատճառով դրանց տակ անհրաժեշտ է նաև Հայաստանի ստորագրությունը։
Երևանն արձագանքել է՝ կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը․ ՀՀ ԱԳՆ