Մուրադ Փափազյանն ԱԱԾ-ի դեմ հայց է ներկայացրել՝ վերականգնելու Հայաստան մուտք գործելու իր իրավունքը

Հայաստանում անցանկալի անձ համարվող, դաշնակցական Մուրադ Փափազյանն ԱԱԾ-ի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ վերականգնելու Հայաստան մուտք գործելու իր իրավունքը։

Դռնփակ դատական նիստից հետո Փափազյանի պաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց՝ Ազգային անվտանգության ծառայությունը դատարան չի ներկայացրել դաշնակցական գործչին անցանկալի անձ համարելու հիմքերը։ Դրանք, ըստ Սահակյանի, հույժս գաղտնի տեղեկություն են համարվում։

«Դատարանն առանձին որոշում կայացրեց ապացույց պահանջելու վերաբերյալ, նաև հստակ ժամանակ նախատեսեց՝ 10-օրյա ժամկետ: Այսինքն՝ դատարանն այս պարագայում Ազգային անվտանգության ծառայությանը դրեց նաև ժամկետային սահմանափակումների մեջ», - ասաց փաստաբանը:

ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին անցած տարի ամռանն էին «Զվարթոնց» օդակայանում արգելել մտնել Հայաստան։ Ազգային անվտանգության ծառայությունը չէր պարզաբանել՝ ինչն է պատճառը։ Փափազյանն ու նրա պաշտպանները համոզված են՝ արգելքի դրդապատճառը քաղաքական է։ Հայաստան մտնել արգելվել է նաև մի շարք այլ դաշնակցականների։ ԱԱԾ նրանց դեպքում էլ պատճառը չի բացահայտել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԱԾ-ը չի պարզաբանում՝ ինչո՞ւ է արգելվել ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան

Դատարանում այսօր Փափազյանի շահերը ներկայացնում էր նաև նրա կուսակիցը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ազգային անվտանգության ծառայությունը չունի որևէ հիմք Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի, Սյունե Աբրահամյանի, Ասլան Ասլանյանի և էլի մեր մյուս հայրենակիցների մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ, բացառապես քաղաքական հաշվեհարդար է սա», - ասաց Մինասյանը:

Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց երկու օր անց կառավարությունից պարզաբանել էին, թե դաշնակցականը 2021-ին եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Իրավիճակը հարթվել էր ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի շնորհիվ։

Մինչդեռ ֆրանսահայ գործչի պաշտպաններն ու հենց ինքը՝ Փափազյանը, կտրականապես հերքում, թե որևէ մասնակցություն է ունեցել փարիզյան բողոքի ակցիաներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կառավարությունը Մուրադ Փափազյանին մեղադրում է Փարիզում վարչապետի ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպելու համար

ՀՅԴ բյուրոյի անդամը ցանկանում է նաև դատական նիստերին անձամբ մասնակցել, դատարանն առաջարկել է նրան Փարիզից հեռավար միանալ։ Այդ հարցը կքննարկվի արդեն հաջորդ նիստին։

Այս գործով նաև դատավոր է փոխվել։ Պարզվում է՝ ոչ բոլոր դատավորներն իրավունք ունեն ծանոթանալու հույժ գաղտնի տեղեկությունների։ Ըստ իրավապահների, Փափազյանին Հայաստանի անցանկալի անձ համարելու ապացույցները հույժ գաղտնի տեղեկություններ են։

Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի քաղաքացի է։ Օտարերկրացիների մասին Հայաստանի օրենքն է սահմանում, թե որ դեպքերում է արգելվում արտասահմանցիների մուտքը Հայաստան։ Արգելքի պատճառներից է, օրինակ, որ հավաստի տեղեկությունների համաձայն՝ օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն։

«Այս պարագայում մեր պետական անվտանգությունը չի կարող նույնանալ անձերի ու նրանց վարած քաղաքականության հետ: Անգամ եթե պետության սիմվոլների առնչությամբ տեղի է ունենում քննադատություն կամ քաղաքական ակցիա, սա ամենևին չի նշանակում, որ վտանգված է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությունը», - ասաց Սիրանուշ Սահակյանը:

Անցանկալի անձանց բանկը ԱԱԾ-ն է վարում։ Ըստ օրենքի՝ դրանում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ԱԱԾ-ին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի նախագահի աշխատակազմը, Ոստիկանությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու Միգրացիայի ծառայությունը։